Հայաստանը շատ կարևոր նշանակություն ունի Մետաքսի ճանապարհի վերականգնման գործում: Չինական կողմն ակնկալում է, որ Հայաստանը ակտիվ կմասնակցի ճանապարհի վերականգման շրջանակներում ենթակառուցվածքների շինարարությանը՝ Պեկինում ճանաչողական այցով գտնվող հայ լրագրողների պատվիրակության հետ հանդիպմանը ասել է Չինաստանի գիտությունների ակադեմիայի Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ինստիտուտի ղեկավար Յան Ցզինը: «Մետաքսի ճանապարհի վերականգնման համար, բացի ենթակառուցվածքների կառուցումից, շատ կարևոր նշանակություն ունի նաև այդ ճանապարհն ընդգրկող երկրների ժողովուրդների միջև ակտիվ շփումների հաստատումը: Ցավոք, Հայաստանի և Չինաստանի ժողովուրդները միմյանց մասին քիչ գիտեն, և մենք հույս ունենք, որ ձեր այցը Չինաստան կնպաստի մեր ժողովուրդների շփումների ակտիվացմանը, որ կարևոր նշանակություն ունի Մետաքսի ճանապարհի վերականգնման ծրագիրը կյանքի կոչելու հարցում»,- ասել է Յան Ցզինը: