Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը պատմել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իրեն վստահեցրել է, որ չի նախատեսում ոչ մի ռազմական գործողություն ՈՒկրաինայի տարածքում: Զեմանը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցներն արդեն տեսանելի ապագայում կարող են հանվել։ «Աճում է ԵՄ անդամ այն պետությունների թիվը, որոնք դեմ են հակառուսական պատժամիջոցներին»,- նշել է Զեմանը։ Եվրոպացի առաջնորդների վերաբերմունքի փոփոխությանն անդրադառնալիս Զեմանն օրինակ է բերել Ավստրիայի կանցլեր Վերնար Ֆայմանի հայտարարությունը՝ պատժամիջոցների անարդյունավետության և անիմաստության մասին։ Չեխիայի նախագահը կարծում է նաև, որ Ռուսաստանն ունի ԵՄ անդամ դառնալու հավանականություն։ «Իսկ ո՞վ գիտի՝ ինչ կլինի 20 տարի անց, գուցե Ռուսաստանը դառնա ԵՄ անդամ։ Չէ՞ որ մեր տնտեսությունները փոխադարձ լրացնում են միմյանց։ Ռուսաստանը նորագույն տեխնոլոգիաների կարիք ունի, ԵՄ-ն՝ էներգետիկ պաշարների»,- նշել է Միլոշ Զեմանը։