Թուրքիան ցանկանում է միանալ ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև ազատ առևտրի և ներդրումային գործընկերության մասին համաձայնագրին՝ հայտարարել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին առևտրի հարցերով եվրահանձնակատար Սեսիլիա Մալմսթրեմի հետ մամլո ասուլիսի ժամանակ: «Թուրքիայի մյուս կարևոր նպատակն է ներգրավված լինել TTIP-ի գործընթացին: Մեր Մաքսային միության արդիականացումը կխորացնի մեր եվրաինտեգրումը և Թուրքիայի տնտեսական հարաբերությունները ԵՄ-ի հետ»,- նշել է Զեյբեքչին: Նրա խոսքով՝ Թուրքիան ցանկանում է մասնակցել TTIP-ի գործընթացին: «Մոտ ժամանակներս հուսով ենք՝ ավելի կոնկրետ հայտարարություններ անել այդ հարցի վերաբերյալ»,- ասել է նա: Մալմսթրեմի խոսքով՝ TTIP-ին Թուրքիայի միանալու հարցը քննարկվել է հանդիպման ժամանակ: «Հիմա TTIP-ի մասին բանակցություններ են ընթանում մեր և ԱՄՆ-ի միջև: Երբ համաձայնագիրը կնքվի, Թուրքիան կարող է միանալ, բայց պետք կլինի, իհարկե, քննարկել պայմանները: Մենք աջակցում ենք, բայց պետք է ավարտել բանակցությունները»,- նշել է Մալմսթրեմը: «Այդ մասին մենք պայմանավորվել ենք կոմիսարի հետ՝ տեղեկացված լինել այդ բանակցությունների մասին: Դա կարևոր է մեզ համար տվյալ փուլում: Մեր նպատակն է համոզվել, որ երբ ԵՄ-ն այդպիսի համաձայնագիր ստորագրի՝ ինչ ձև էլ ունենա, մենք ուզում ենք մասնակցել համաձայնագրին կամ զուգահեռ համաձայնագրեր ունենալ երրորդ երկրների հետ»,- ասել է Զեյբեքչին: «Մենք փոխըմբռնման ենք հասել հիմնախնդիրների շուրջ, որոնք կարող են առաջանալ, եթե միաժամանակ համաձայնագրեր կամ բանակցություններ չունենանք»,- ասել է նա: ԱՄՆ-ի և ԵՄ-ի համաձայնագրի ստորագրումը հնարավորություն կտա նվազեցնել տուրքերը և վերացնել կարգավորող պատնեշները ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև բիզնեսում: