Իսրայելի խորհրդարանի նախագահ Յուլի Էդելշտեյնը կոչ է արել վերանայել Իսրայելի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում՝ սպանությունները «մարդկության վրա բարոյական բիծ» անվանելով։ Կնեսետում ելույթի ընթացքում Էդելշտեյնը հայտարարել է, թե պատմությունը չի կարող փոփոխվել։ «Աղետն այլևս չի կարող թաքցվել դիվանագիտության հետևում», հայտարարել է նա։
Յուլի Էդելշտեյնը Իսրայելի դիրքորոշումը «չափազանց անվճռական և չափազանց զուսպ» է անվանել՝ հաղորդում է «The Jerusalem Post»-ը։ «Գաղտնիք չէ, որ Իսրայելը ոչ միանշանակ դիրքորոշում ունի Ցեղասպանության հարցում։ Հրեա լինելով՝ մենք չենք կարող լռել։ Մենք չենք կարող փակել մեր աչքերը կամ նվազեցնել հայերի ողբերգության աստիճանը»,- ասել է նա։