Թուրք հայտնի պատմաբան, Հայոց ցեղասպանությունը ճանաչող Թաներ Աքչամը Taraf պարբերականում հրապարակված հոդվածում գրել է, որ Թուրքիայում Հայոց ցեղասպանության մասին խոսելը երկու կարևոր համոզմունքից է սնվում:
Հոդվածը ներկայացնում ենք մասնակի կրճատումներով.
«Առաջին համոզմունքը՝ մարդիկ հավատում են, թե 1915-ին տեղի ունեցածը հանցագործություն չի եղել: Այսինքն՝ հարցը Ցեղասպանության հայեցակարգի մեջ չի տեղավորվում: Դա ամբողջովին սխալ է… Ասում են՝ եթե մի պետություն իրեն վտանգի մեջ է զգում, կարող է աքսորել քաղաքացիներին, եթե այդ ընթացքում քաղաքացիների մի մասը զոհվել է, ցավալի իրականություն է, սակայն հանցագործություն չի համարվում: Երկրորդ համոզմունքը՝ 1915-ի մասին խոսելը թուրք ազգին սևացնել, մեղադրել է նշանակում՝ նրանք, ովքեր ասում են «Հայոց ցեղասպանություն եղել է», ասում են «մեր պապերը մարդասպան են, թուրքերը մարդասպան են»: Շատերը դա անձնական վիրավորանք են ընդունում: Արդյունքում՝ թուրք լինելու և 1915-ին հայերի սպանվելու մասին խոսել չկարողանալու միջև չափազանց ուժեղ կապ կա: Այդ կապն ինչպե՞ս է հնարավոր կտրել: Թուրք լինելով՝ «1915-ին հայեր են սպանվել» ասել հնարավո՞ր է:
Այո, հնարավոր է: Հրանտ Դինքը հայ լինելու համար սպանվեց: Օգյուն Սամասթը նրան սպանեց թուրքականության անունից: Այսօր, երբ ասում ես «Սամասթը մարդասպան է», շատ քիչ մարդ է թուրքերի հասցեին զրպարտություն կամ թուրքերի ճակատին սև բիծ դնել ընկալում: Մարդիկ Օգյուն Սամասթին մարդասպան կոչելու և թուրքականության միջև կարողանում են տարանջատում դնել, սակայն նույնը չեն կարողանում 1915-ի սամասթների՝ Թալեաթի, Էնվերի ու Ջեմալի համար անել: Սամասթի հարցում կեցվածքը 1915-ի համար կրկնել հնարավո՞ր է: Այո, հնարավոր է, եթե քաղաքական գործիչները թուրք լինելու և 1915-ին իրականացված սպանությունն իր անունով կոչելու միջև կապը կտրեն…»: