Հայաստանի հետ փոխհարաբերությունները կարևոր փորձաքար են դառնում Եվրոպական և Եվրասիական միությունների միջև՝ ասված է ֆրանսիական Միջազգային և ռազմավարական հարաբերությունների ինստիտուտի փորձագետ (IRIS) Լորա Դելկուրի և Բիրմինգեմի համալսարանի գիտաշխատող Կատարինա Վոլչիկի համատեղ հոդվածում, որը հրապարակվել է Լոնդոնյան տնտեսագիտության դպրոցի բլոգում:
«Հայաստանին համարում էին ԵՄ նախաձեռնություններից հետ մնացող երկիր: Թվում էր՝ Հայաստանը ԵՄ-ին անդամակցության հավակնություններ չունի՝ ի տարբերություն ՈՒկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի: Մյուս կողմից, քաղաքական ռեժիմը, որտեղ գերիշխում են օլիգարխիկ խմբերը, դժվար թե ցանկանար բարեփոխումները, որոնք պետք էր սկսել: Հայաստանի և ԵՄ-ի փոխադարձ կախվածությունը՝ և տնտեսության, և անվտանգության առումով, այնքան էլ մեծ չէր՝ ի տարբերություն Ռուսաստանի, որի հետ Հայաստանը ռազմավարական դաշինք ուներ: Սակայն Հայաստանը միշտ հակված է եղել ԵՄ-ի ազդեցությանը: Հանրապետությունը վերջին 5 տարիներին Եվրամիության մի շարք ինստիտուցիոնալ բարեփոխումներ է ընդունել: Հայաստանն անհրաժեշտ բարեփոխումներ սկսեց և 2012-ի մարտի սկզբին կարողացավ հասնել Խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների սկզբի: ԵՄ պաշտոնյաները Հայաստանը «դյուրին» երկիր էին համարում՝ ի տարբերություն ՈՒկրաինայի և Վրաստանի: 2013-ի հուլիսին բանակցություններն ավարտվեցին: ԵՄ առաջարկն այնքանով էր գրավիչ, որ չէր պահանջում (համենայն դեպս՝ սկզբում) քաղաքական բարեփոխումներ, որոնք կարող էին հայկական էլիտային իշխանություն արժենալ: Բացի այդ, հասկանալի էր, ԵՄ-ի բարեփոխումները չէին խանգարի Ռուսաստանի հետ անվտանգության դաշինքին: Համակեցությունը երկար չտևեց, չնայած սկզբում Ռուսաստանը չէր խոչընդոտում դեպի ԵՄ Հայաստանի ընթացքին: 2013-ին ամեն ինչ կտրուկ փոխվեց: Ռուսաստանին անհանգստացրեց տարածաշրջանում ԵՄ ազդեցության աճը՝ Մոսկվան սեփական ինտեգրացիոն նախագիծն էր սկսել՝ Մաքսային միությունը: Ռուսաստանի կողմից Հայաստանի պաշտպանական խոցելիության օգտագործումը (օրինակ՝ Ադրբեջանին զենքի զանգվածային վաճառքը և էներգիայի սակագինը բարձրացնելու սպառնալիքները) Երևանին ստիպեցին փոխել որոշումը: Բայց նույնիսկ կտրուկ շրջադարձից և 2015-ի հունվարից ԵԱՏՄ-ին անդամակցությունից հետո, Հայաստանը դեռևս հետաքրքրված է ԵՄ-ի հետ մերձեցմամբ: ԵՄ-ը և Հայաստանն ավարտում են ապագա համաձայնագրի հիմքերի նախապատրաստումը: Հայաստանը ԵԱՏՄ-ին միացավ ոչ այն պատճառով, որ ցանկանում էր, այլ որովհետև ստիպված էր՝ անվտանգության և տնտեսական նկատառումներից ելնելով: Հայաստանի և ԵՄ-ի համաձայնության գաղափարը հետխորհրդային տարածքում ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև գոյակցության կարևոր փորձաքար է դառնում»: