Հայաստանի և Մոլդովայի միջև բեռնափոխադրումներն այսուհետ կիրականացվեն առանց թույլտվությունների անհրաժեշտության, փոխադրողների համար կկրճատվի վարչարարությունը, կնվազի փոխադրման ժամանակը, որը կբերի բեռների փոխադրումների ինքնարժեքի նվազեցման՝ հայտնում է Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարությունը։ Դա հնարավոր է «ՀՀ կառավարության և Մոլդովայի Հանրապետության կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին» 1996 թ. հոկտեմբերի 30-ին Քիշնևում ստորագրված համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության շնորհիվ, որը Մոլդովայում ստորագրել են երկու երկրների տրանսպորտի նախարարները։ ՀՀ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը մասնակցում է Քիշնևում մեկնարկած Սևծովյան տնտեսական համագործակցության անդամ պետությունների տրանսպորտի նախարարների խորհրդակցությանը, որի շրջանակներում էլ հանդիպել է Մոլդովայի Հանրապետության տրանսպորտի և ճանապարհային ենթակառուցվածքների նախարար Վասիլի Բոտնարի հետ: