ԵՄ բարձրաստիճան ներկայացուցչի փոխանցմամբ՝ Եվրահանձնաժողովը դիմել է ԵՄ խորհրդին՝ Հայաստանի հետ նոր համաձայնագրի շուրջ պաշտոնական բանակցություններ սկսելու մանդատի համար: Բրյուսելի ներկայացուցչի խոսքով, ԵՄ-ի ու ՀՀ-ի միջև նոր շրջանակային համաձայնագիրը ներառելու է ոչ միայն քաղաքական, այլև առևտրին ու ներդրումներին վերաբերող բաժին:
«Նոր փաստաթղթում ԵՄ-ի ու ՀՀ գործարարների, ներդնողների համար հստակ սահմանվելու են փոխգործակցության կանոնները: Փաստաթղթում արտացոլված են լինելու որոշակի ոլորտներ, որոնք չեն կարգավորվում Առևտրի համաշխարհային կազմակերպության կամ ԵԱՏՄ կանոններով՝ օրինակ ներդրումների կամ գնումների ոլորտը, ուր Հայաստանը ավելի ազատ կլինի՝ շուկան ավելի բացելու համար: Սակայն սա միակ ոլորտն է: Հիմնական ոլոորտները՝ ապրանքներին ու ծառայություններին վերաբերող, կարգավորվում են Առևտրի համաշխարհային կազմակերպության ու Եվրասիական տնտեսական միության կանոններով, և այստեղ Հայաստանը ազատ չէ ստանձնելու նոր պարտավորություններ»,- ասաց ԵՄ պաշտոնյան: Նոր փաստաթղթի ու չստորագրված Խոր ու համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրի միջև գլխավոր տարբերությունն այն է, որ նոր փաստաթուղթը արտոնություններ չի նախատեսում, սակայն «լուրջ ներդրում կլինի երկկողմ կապերի խորացման ու Հայաստանում բարեփոխումներն առաջ տանելու ուղղությամբ»: Արևելյան գործընկերության այն երկրները, որոնք Եվրամիության հետ ստորագրել են Ասոցացման համաձայնագրեր՝ ՈՒկրաինան, Մոլդովան ու Վրաստանը, 2014-ին ավելացրել են արտահանման ծավալները դեպի ԵՄ: Մոլդովայից ու Վրաստանից դեպի եվրոպական շուկա արտահանումները աճել են 20 և 18 տոկոսով՝ դա Բրյուսելի բարեփոխումների կոնկրետ արդյունքն է: Ռիգայի գագաթնաժողովում հայտարարվելու է, որ Ասոցացման համաձայնագիրը ստորագրած երկրները կարող են օգտվել Եվրամիության հետ Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու առավելություններից, նրանց համար հասանելի կլինի մոտ 200 միլիոն եվրոյի դրամաշնորհային փաթեթ: Բացի դրանից՝ այդ երկրների համար մոտ 3 միլիարդ եվրոյի ներդրումներ են լինելու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից, Եվրոպական ներդրումային բանկից, ֆինանսական այլ կառույցներից: Եվրամիության և ՈՒկրաինայի միջև ստորագրվելու է փոխըմբռնման հուշագիր, որով Բրյուսելը Կիևին հատկացնելու է 1,8 միլիարդ եվրոյի մակրոտնտեսական օժանդակություն: