ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը «The Parliament Magazine»-ում գրել է. «Շատերի համար Եվրամիության սահմաններից դեպի արևելք տեղի ունեցող իրադարձությունները Եվրոպայի միասնականության և վճռականության փորձարկում են: Այդ իմաստով ես Ռիգայում նախանշված գագաթնաժողովը դիտարկում եմ որպես ռազմավարական նշանակությունները հաստատելու հնարավորություն, որ մենք տալիս ենք արևելյան գործընկերությանը: Մեր անմիջական հարևանությամբ տեղի ունեցող իրադարձություններն ուղղակի ազդեցություն են ունենում մեր կայունության, անվտանգության և բարգավաճման վրա: Մենք ցանկանում ենք ցուցադրել մեր վեց գործընկերների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և ՈՒկրաինայի հետ ավելի սերտ և անհատական հարաբերությունների հասնելու լիարժեք վճռականությունը՝ անկախ ԵՄ-ի հետ հարաբերությունների առումով նրանց անհատական հավակնություններից: Գործընկերների ցանկությունների և շահերի վրա հիմնված մեր Արևելյան գործընկերությունը նախատեսված է անհատական նախագիծ դառնալու համար:
Արևելյան գործընկերության հանդեպ ԵՄ մոտեցումը միշտ թափանցիկ է եղել և կենտրոնացած գործընկեր-երկրների հետաքրքրությունների և պահանջարկների շուրջ: Վերանայումը կիրառվելու է ինչպես արևելյան, այնպես էլ հարավային գործընկերների պարագայում, եվրոպական հետաքրքրությունների առավել շեշտադրմամբ:
Գագաթնաժողովն առնչվում է ԵՄ և վեց գործընկերների միջև հարաբերություններին և ուղղված չէ որևէ երրորդ երկրի դեմ: Ռիգայում հանդիպումը ոչ միայն արևելքում մեր փոխգործակցության, այլև մի շարք քաղաքական քայլերի և միջոցների քաղաքական ցուցադրություն կլինի՝ համաձայնության հասնելու համար: Նպատակներից մեկն էլ առաջընթացի գնահատումն է, որը ձեռք է բերվել ԵՄ-ի և արևելյան գործընկերների հարաբերություններում, 2013 թվականի Վիլնյուսի գագաթնաժողովից հետո: Մենք Արևելյան գործընկերությունը դուրս ենք բերել կառավարությունների սահմաններից՝ տարածելով խորհրդարանների, տեղական իշխանական մարմինների, քաղաքացիական հասարակության և բիզնեսի վրա:
Գագաթնաժողովը կշարունակի այդ ուղին՝ արևելյան գործընկերներին ավելի մոտեցնելով ԵՄ-ի հետ քաղաքական ասոցացման, տնտեսական համագործակցության և այլ հարցերում առաջընթացի օգնությամբ:
Վիլնյուսի գագաթնաժողովից հետո Վրաստանի, Մոլդովայի և ՈՒկրաինայի հետ խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման և ասոցացման մասին համաձայնագրերի ստորագրումը մեր համագործակցությունը նոր մակարդակի բարձրացրեց: Ռիգայի գագաթնաժողովի ընթացքում հնարավոր կլինի գնահատել այդ գործընթացների նախնական փուլերը և ցուցադրել համագործակցության խորացմանը մեր հավատարմությունը: Ես այդ հնարավորությունը նաև կօգտագործեմ, որպեսզի ընդգծեմ բարեփոխումների կարևորությունը»: