Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է մասնակցել ԵՄ Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովին՝ տեղեկացրել է նրա օգնական Ալի Հասանովը: Contact.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ՝ նա նախագահի որոշումը բացատրել է չափազանց խիտ օրակարգով՝ կապված հունիսին Բաքվում անցկացվելիք Եվրոպական խաղերի հետ: APA լրատվական գործակալությունը, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրը, հաղորդում է, որ Ալիևը Ռիգա չի մեկնում ի նշան «Ադրբեջանի նկատմամբ իրականացվող արշավի» դեմ բողոքի: «Արևմտյան շրջանակների անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի դեմ իրականացվող սև PR-ը՝ Եվրոպական խաղերից առաջ, արդարացի բողոքի տեղիք է տալիս»,- պնդել է աղբյուրը: Ադրբեջանը Ռիգայի գագաթնաժողովին կներկայանա նախագահի աշխատակազմի և արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարների մակարդակով: