ԵՄ-ն սկսել է զսպել Արևելյան գործընկերության ծրագրի անդամների նկատմամբ ամբիցիաները Ռուսաստանին հետագա սադրանքի չմղելու համար։ Ռիգայի գագաթնաժողովում ԵՄ-ին անդամակցելու հեռանկարների փոխարեն ծրագրի անդամներին ավելի շատ պրագմատիզմ են մատուցում՝ Wirtschaftsblatt ավստրիական պարբերականում հրապարակված հոդվածում գրում է Վոլֆգանգ Տուչեկը՝ մայիսի 21-22-ին կայանալիք Ռիգայի գագաթնաժողովից առաջ անդրադառնալով Արևելյան գործընկերության ծրագրի 6 անդամ երկրների՝ Ռիգայից ունեցած ակնկալիքներին։
2013-ին Վիլնյուսում Արևելյան գործընկերության վերջին գագաթնաժողովի ժամանակ ամբիցիաները ավելի մեծ էին։ Մայիսի 21-ին Ռիգայում ԵՄ 28 երկրների և Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի, Բելառուսի և ՈՒկրաինայի հետ հանդիպմանը ԵՄ-ն ցանկանում է ցույց տալ, որ Արևելյան գործընկերությունը դեռ գործում է, Եվրոպայում որևէ նոր բաժանարար գիծ չի քաշվել։ Հեղինակը մեջբերում է Եվրոպական քաղաքականության հետազոտության կենտրոնի փորձագետ Սթիվեն Բլոքմանսի տեսակետը, որ նախորդ գագաթնաժողովը տապալվել է։ «Նախագիծը իր նախորդ մասով ձախողվել է։ Մոսկվան Վիլնյուսից առաջ ՈՒկրաինայի և ԵՄ-ի միջև ասոցացումը ֆիասկոյի ենթարկեց, Հայաստանն էլ վերջին պահին որոշեց միանալ Մաքսային միությանը։ Այս պահին ՈՒկրաինայում իրավիճակը բարդ է մնում, ռուսական ստվերը մթնեցնում է նաև Ռիգայի գագաթնաժողովը, որ պետք է հանգիստ և չեզոք ընթանա», մեջբերում է թերթը Բլոքմանսին։ Այսպես ԵՄ-ն հետ է քաշվում, որ չսադրի Ռուսաստանին։ Եթե 2 տարի առաջ Մոլդովայի, Վրաստանի և ՈՒկրաինայի համար ԵՄ անդամ դառնալու հեռանկարներից էր խոսվում, հիմա այդ մասին չի հիշատակվում։ Եթե գործընկեր 3 երկրները արդարադատության, կաշառակերության դեմ պայքարի, տնտեսական օրենսդրության ոլորտում կատարեն անհրաժեշտ բարեփոխումները, նորից այդ մասին խոսելը հնարավոր կդառնա։ Վրաստանն ու ՈՒկրաինան դեռ չեն կարող վիզային ռեժիմի չեղարկման հույսեր փայփայել, քանի որ այդ երկրներում առաջընթաց չկա թմրանյութերի վաճառքի, թրաֆիքինգի, կաշառակերության և կազմակերպված հանցագործության դեմ պայքարում։ Մոլդովան 2014-ի ապրիլից օգտվում է անվիզա ռեժիմից, թեպետ ոչ ոք չի կարող ասել, թե թմրանյութերի վաճառք, թրաֆիքինգ, կաշառակերություն չկան: Անդրադառնալով Հայաստան-ԵՄ հարաբերությանը, հեղինակը գրում է, որ Երևանի հետ բանակցությունները պետք է անհատական լինեն։ Թեպետ Հայաստանը դարձել է ԵԱՏՄ անդամ, ԵՄ-ն ուզում է Երևանի հետ համագործակցության պայմանագիր կնքել։ Համաձայնագիրը բացառելու է ազատ և համապարփակ առևտուրը, սակայն անվտանգության, տնտեսության և առևտրի ոլորտներում համագործակցությունը հնարավոր կլինի կարգավորել։ Ադրբեջանի և Բելառուսի հանդեպ անհասկանալի է, թե ինչ մոտեցում կմշակվի։ Բաքուն ԵՄ-ի համար առաջին հերթին էներգետիկ կարևոր գործընկեր է։ Բելառուսը վերջերս ԵՄ-ի առջև առավել բաց քաղաքականություն վարելու ազդակներ է ուղարկում և շատ ուշադիր է, թե իր ազդակներին ինչպես կարձագանքի Ռուսաստանը։ Ինչպես նեղ շրջանակում հայտարարել էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Մոսկվան Բելառուսի համար ավագ եղբոր պես է, որը երբեք չգիտի, թե ինչ կա կրտսեր քրոջ մտքում։
Արևելյան գործընկերության կոնցեպցիան 2004-ին ԵՄ ընդլայնման էյֆորիայի ֆոնին լայն աջակցություն գտավ։ Սակայն հետո շատ փոփոխություններ եղան։ Եթե մենք կարողանանք խուսափել հետագա էսկալացիայից, արդեն մեծ հաջողություն է»,- եզրափակում է թերթը՝ մեջբերելով Արևելյան գագաթնաժողովում եվրոպացի դիվանագետի հայտարարությունը, ով ցանկացել է անհայտ մնալ։