Եվրոպական ժողովրդական կուսակցությունը ողջունում է ապագա պայմանագրի շուրջ Եվրամիության և Հայաստանի ներկայացուցիչների ընդհանուր տեսլականը՝ նշված է Ռիգայում Արևելյան գործընկերության գագաթնաժողովի արդյունքներով տարածված ԵԺԿ-ի հայտարարությունում:
Կուսակցությունը ԵՄ-ի հետ ասոցացման ուղիով չընթացող Արևելյան գործընկերության երկրներին՝ Հայաստանին, Ադրբեջանին և Բելառուսին, կոչ է անում համաձայնագրեր կնքել առանձին ոլորտներում: ԵԺԿ-ն նաև սպասում է Հայաստանի հետ ԵՄ-ի վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկին: Կուսակցությունը շարունակում է լիարժեք աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործադրած ջանքերին, որի լուծումը պետք է լինի բացառապես խաղաղ ճանապարհով՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների վրա: Արևելյան գործընկերության երկրներում նոր գործընթացները պահանջում են անհապաղ ուժեղացնել գործընկերության քաղաքականությունը, ավելի անհատականացնել երկրներից յուրաքանչյուրի հանդեպ քաղաքականությունը: Անհրաժեշտ է Արևելյան գործընկերության քաղաքականությունը հարստացնել տարբերակման սկզբունքներով, ճկունությամբ, նախագծերի համար համատեղ պատասխանատվությամբ, «ավելին ավելիի համար» սկզբունքով»,- ասված է հայտարարությունում: