Ռիգայում «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի արդյունքներով ընդունված հռչակագրում մասնակիցներն իրենց լիակատար աջակցությունն են հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: «Գագաթնաժողովի մասնակիցներն ընդգծում են տարածաշրջանում հակամարտությունների շուտափույթ խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը` միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա: Հակամարտությունների կարգավորումը, վստահության և հարևան երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների կառուցումը կարևոր են տնտեսական և սոցիալական զարգացման և համագործակցության տեսանկյունից: Գագաթնաժողովի մասնակիցները ողջունում են ԵՄ կողմից արված ներդրումը հետագայում կայունության տարածման և վստահության կառուցման գործում, ընդգծում են այս ոլորտում ԵՄ հետագա ավելի լայն ներգրավվածության անհրաժեշտությունը»,- ասվում է հռչակագրի տեքստում` ընդգծելով, որ գագաթնաժողովի մասնակիցները կողմնակից են նախագահական մակարդակով 2009-ից արված հայտարարություններին: