ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ՀՀ նախագահը Ռիգայում հանդիպել է Շվեդիայի վարչապետին

ՀՀ նախագահը Ռիգայում հանդիպել է Շվեդիայի վարչապետին
23.05.2015 | 12:11

Նախագահ Սերժ Սարգսյանը Ռիգայում հանդիպել է Շվեդիայի Թագավորության վարչապետ Ստեֆան Լյովենի հետ: Քննարկվել են հայ-շվեդական երկկողմ հարաբերություններին և տարբեր ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր, Արևելյան գործընկերության շրջանակներում ՀՀ-ԵՄ համագործակցության հարցեր: Նշելով, որ Հայաստանը տարածաշրջանում ԵՄ ռազմավարական գործընկերներից է, Շվեդիայի վարչապետը ողջունել է Հայաստանի՝ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև կապող կամուրջ դառնալուն ուղղված քաղաքականությունը, ինչը, նրա համոզմամբ, կարող է դառնալ համագործակցության կարևոր հարթակ: ՀՀ նախագահը և Շվեդիայի վարչապետը միջպետական հարաբերություններում կարևոր տեղ են վերապահել առևտրատնտեսական կապերին և ընդգծել այդ ոլորտում փոխգործակցությունը խորացնելու, հայաստանյան շուկայում շվեդական ներդրումներն ու նոր ընկերությունների մուտքը խթանելու և խրախուսելու ուղղությամբ երկկողմ աշխատանքի անհրաժեշտությունը:
Սերժ Սարգսյանը և Ստեֆան Լյովենը հայ-շվեդական հարաբերությունների առավել ամրապնդման գործում կարևորել են Երևանում և Ստոկհոլմում բացված դեսպանությունների գործունեությունը: Զրուցակիցները քննարկել են նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Շվեդիայի իշխանություններին՝ ապրիլին Երևանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ կայացած ոգեկոչման միջոցառումներին Շվեդիայի պաշտոնական մասնակցության համար:

Դիտվել է՝ 585

Մեկնաբանություններ