Ռիգայի ամփոփիչ փաստաթղթի կապակցությամբ Ադրբեջանի և Բելառուսի դիրքորոշումը օրինակ է, թե ինչպես պետք է մեր համագործակցությունը տարբերակված ձևեր ստանա՝ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը՝ պատասխանելով հռչակագրի ստորագրման գործընթացը Ադրբեջանի անհամաձայնության պատճառով ձգձգվելու մասին Wall Street Journal-ի թղթակցի տված հարցին։ Տուսկի խոսքով՝ անհատական մոտեցումը եղել է գագաթնաժողովի հիմնական թեման։ «Մեզ նոր գործիքներ են անհրաժեշտ թե Եվրամիության, թե «Արևելյան գործընկերության» համար։ Սա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ իմ զրույցի հիմնական թեման է եղել։ Դա գագաթնաժողովից հետո էր։ Մենք խոսել ենք նոր գործիքների և նոր մոտեցումների մասին։ Ադրբեջանը տրամադրված է ԵՄ-ի հետ համագործակցության շարունակմանը և ամրապնդմանը, և Ալիևը դա հասկանալ տվեց։
Ադրբեջանին պետք են Եվրոպայի հետ լավ հարաբերությունները։ Դրանում կասկած չկա։ Իսկ ինչ վերաբերում է հռչակագրի շուրջ առաջացած էմոցիաներին, իրավիճակը հեշտերից չէր։ Եղան շատ փոփոխություններ, սակայն մեր մտադրությունները չեն փոխվել։ Ես գոհ եմ գագաթնաժողովի արդյունքից՝ չնայած հռչակագրի տեքստի շուրջ ստեղծված բարդ իրավիճակին»,- եզրափակեց Դոնալդ Տուսկը։