Մինսկը դեմ է Արևմուտքի փորձերին՝ իրեն ներքաշել Ղրիմի վերաբերյալ բանավեճի մեջ և դեմ է, որ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրում ընդգրկվի Ղրիմի անեքսիայի մասին դրույթ՝ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: «Նախ պետք է խնդիրը լուծել (ՈՒկրաինայում խաղաղություն հաստատել), իսկ հետո կպարզենք՝ ով է մեղավոր, ով՝ անմեղ: Ոչ, փորձում են ներքաշել Բելառուսին՝ «Բերեք ամփոփիչ փաստաթղթում գրենք, որ անեքսիա է եղել»,- ասել է Բելառուսի նախագահը արհմիությունների ֆեդերացիայի համագումարում: «Մենք չենք կարող այդպիսի դիրքորոշումը պաշտպանել»՝ կրկնել է նա ու ընդգծել, որ այսօր կարևորը ոչ թե ինչ-որ մեկին մեղադրելն է, այլ ՈՒկրաինային խաղաղություն տալը: «Այդ պատճառով էլ մենք Արևելյան գործընկերության մեջ այսօր համարյա թե իզգոյ մնացինք»,-շարունակել է Բելառուսի նախագահը, որ հրաժարվել էր Ռիգա մեկնել աշխատանքային գրաֆիկի ծանրաբեռնվածության պատճառաբանությամբ: Նա պնդել է, որ Բելառուսը «ոչ մի արկածախնդրության չի մասնակցի», որովհետև ուզում է, որ իր երկրից խաղաղություն տարածվի: Բելառուսին Ղրիմի շուրջ բանավեճի մեջ ներքաշելը նա որակել է Բելառուսում անկայունություն ստեղծելու փորձ: