«The New York Times»-ը գրել է.«Թուրքիայի վճռորոշ խորհրդարանական ընտրություններին երկու շաբաթ է մնացել, լարվածությունն աճում է, և նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի որոշ քննադատներ «Արդարություն և զարգացում» կուսակցության հաղթանակը երաշխավորելու նպատակով նոր բռնաճնշումների մտավախություն ունեն: Քաղաքական գործընթացի կոպիտ շահարկումները լուրջ սխալ կլինեն՝ ավելի թուլացնելով երկրի քայքայված ժողովրդավարությունը և արատավորելով հաղթանակը, ինչպիսին էլ լինի: Ավելի քան 10 տարի որպես Թուրքիայի ղեկավար՝ իշխանությունը կենտրոնացնելուց հետո, Էրդողանը կարող է իր երազանքի իրականացման շեմին լինել՝ փոփոխել Սահմանադրությունը, որ քաղաքական իշխանությունն ավելի շատ նախագահին պատկանի, ոչ թե վարչապետին: Նրա կուսակցությունը պետք է հունիսի 7-ին ստանա խորհրդարանական տեղերի երեք հինգերորդը՝ 330 մանդատ, որ սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնի: 2011-ի վերջին ընտրություններում ԱԶԿ-ն միայն 326 տեղ ստացավ: Reuters-ի տվյալներով՝ վերջերս անցկացված հարցումը ցույց է տալիս, որ ԱԶԿ-ին սատարողների թիվը նվազել է: Էրդողանը երկար ժամանակ վախեցնում և համոզում էր թուրքական լրատվամիջոցներին, սակայն այս շաբաթ ահազանգող նոր ազդանշաններ հնչեցին, երբ Էրդողանին դուր չեկած հոդվածի համար դատական հայցեր ներկայացվեցին «Hurriyet Daily News»-ի խմբագիրների և կայքի դեմ:
Երկուշաբթի Անկարայի դատախազը կոչ արեց արգելել մի քանի ընդդիմադիր լրատվամիջոցների աշխատանքը, որոնք կապ ունեն իսլամական հոգևորական Ֆեթուլլա Գյուլենի հետ. Էրդողանի նախկին դաշնակցի, որ հիմա, ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության, կամավոր արտաքսման մեջ է ԱՄՆ-ում: Որոշ լրագրողներ մտավախություն ունեն, որ կառավարությունը ծրագրում է հակաահաբեկչական օրենքներն օգտագործել՝ ընտրություններից առաջ հիմնական անկախ լրատվամիջոցները՝ «Hurriyet», «Zaman» պարբերականներն ու նրանց կից ընկերությունները փակելու և գույքն առգրավելու համար: Լրագրողները, սակայն, միակը չեն, որ անհանգստանում են: Արհմիությունները ևս մտահոգություն են հայտնել հունիսի ընտրությունների ընթացքում անվտանգության կապակցությամբ՝ նշելով, որ ձգտելով հաղթանակի՝ ԱԶԿ-ն մոբիլիզացրել է պետական հաստատությունները և նախընտրական հանրահավաքների ու ելույթների ժամանակ փորձում է ընդդիմությանը թշնամի ներկայացնել: Չնայած երկիրը նախկինում նույնպես կոշտ քաղաքական արշավներ է տեսել, այս արշավն առավել արատավոր է և, թվում է, գերիշխում է մռայլ, վախ տարածող տրամադրությունը: Էրդողանն ավելի մեծ թշնամանք է արտահայտում, երբ ճշմարտությունն են ասում: ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ից Թուրքիայի այլ դաշնակիցներ պետք է նրան կոչ անեն հեռանալ այդ կործանարար ուղուց: