Անկարան ողջունում է Ռուսաստանի մասնակցությունը Թուրքիայի և Հայաստանի միջև վիճելի հարցերի կարգավորմանը, բայց հայկական կողմին կոչ է անում չխանգարել ռուս-թուրքական հարաբերություններին՝ «Ինտերֆաքս»-ի հետ հարցազրույցում ասել է ՌԴ-ում Թուրքիայի դեսպան Ումիթ Յրդըմը: «Ցավոք շրջանակներ կան, որոնք հետաքրքրված չեն մեր հարաբերությունների զարգացմամբ», - ասել է դեսպանը նշելով․ «Ռուսաստանում և դրսի որոշ հայկական շրջանակներ այլ տեսակետ ունեն: Նրանք չեն նպաստում մեր երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Ավելին՝ նրանք բացասական ազդեցություն են թողնում գործընթացի վրա»: Նա հույս է հայտնել, որ դրսի բացասական վերաբերմունքը չի ազդի ռուս-թուրքական հարաբերությունների վրա. «Մեր հարաբերություններին վնասելու նպատակով տարբեր ակցիաներ են անցկացվում, բայց մենք հավատում ենք, որ դրանք ազդեցություն չեն ունենա մեր հարաբերությունների դինամիկ զարգացման կուրսի վրա»:
«Այնքան էլ ճիշտ չէ, երբ երրորդ կողմը փորձում է ստվեր գցել մեր երկկողմ հարաբերությունների վրա»,- ասել է Ումիթ Յրդըմը՝ ընդգծելով, որ Անկարան միշտ «ուրախ կլինի, եթե ռուսական կողմը նպաստի Հայաստանի և Թուրքիայի միջև վիճելի հարցերի կարգավորմանը»: