ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը այսօր ասել է, թե «ամրապնդվող լավատեսություն» ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, և ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է:
Նա Ղարաբաղի խնդրի մասին խոսել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ Մոսկվայում կայացած երկօրյա բանակցություններն ամփոփող մամուլի համատեղ ասուլիսում: «Ես, անկեղծ ասած, զգուշորեն, բայց ամեն դեպքում ամրապնդվող լավատեսությամբ եմ նայում ներկա իրավիճակին», - ասել է նա: Նշելով, որ ղարաբաղյան հակամարտությունը շատ է ձգձգվել, Լավրովն ընդգծել է. - «Որ համաձայնության հասնելու իրական հենք կա, բոլորը համաձայն են, և հավանաբար հիմա այդ համաձայնություններին կոնկրետ ձևակերպումներ պիտի տրվեն»: «Սովորաբար դա ամենահեշտ գործը չէ, բայց կհամարձակվեմ հավաստիացնել, որ ռուսական ղեկավարության ակտիվությունը երբեք չի նվազել՝ աջակցելու կողմերի ջանքերին փոխընդունելի կարգավորում գտնելու համար»: Լավրովն ասել է, որ երեկ մանրամասն, մի քանի ժամ շարունակ քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մոտեցումները՝ «հաշվի առնելով վերջին տարիներին կատարված մեծ աշխատանքը՝ առաջին հերթին որ արվել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների՝ ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կողմից»: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը ասել է. «Կիսում եմ լավատեսության նոտաները, որ հնչեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: Կա թեմա, կա խնդիր, որն անհրաժեշտ է լուծել, օգտվելով Սերգեյ Վիկտորովիչի խոսքերից՝ այն արդեն գերհասունացել է»: Լավրովը չընդունեց, որ ղարաբաղյան հակամարտության մասին ասել է, թե «գերհասունացել է»: Նա դիվանագիտորեն ճշտեց՝ պատասխանելով ադրբեջանական «Լիդեր» հեռուստաընկերության հարցին՝ ասելով, թե չի հիշում, որ օգտագործել է «գերհասունացել» բառը:
Ադրբեջանի արտգործնախարարին հարց ուղղվեց նաև ԵՄ Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովի ամփոփիչ հռչակագրի վերաբերյալ, որտեղ Ադրբեջանը համաձայն չէր Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող կետին: Մամեդյարովը երկար ներկայացրեց նախապատմությունը:
Ռիգայի հռչակագրի մասին ասաց, որ ամբողջովին ընդունում է գործընկեր բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, անկախությունը, բայց միաժամանակ Ադրբեջանը պնդել է, որ արտացոլվեն ՄԱԿ-ի 1993-ին ընդունած չորս բանաձևերը, որտեղ Հայաստանին կոչ է արվում դուրս բերել զորքերը Ադրբեջանի տարածքից: Մամեդյարովի պարզաբանումներով, եվրոպացի գործընկերներն ասել են, որ հռչակագրում պետք չէ շատ մանրամասն ձևակերպումներ ներկայացնել, այդ դեպքում մյուս հակամարտություններին նույնպես հարկ կլինի մանրամասնորեն անդրադառնալ: «Վերջին պահին մենք ասացինք, որ հնարավոր է նույնիսկ չմիանանք հռչակագրին և ի վերջո փոխզիջումային տարբերակի հանգեցինք», - ասաց Մամեդյարովը. - «Մեր համապատասխան հայտարարությունը, ուր հղում կա ՄԱԿ-ի չորս բանաձևերին, կկցվի Ռիգայի ամփոփիչ հռչակագրին»: