ԱԺ նախագահի պաշտոնական այցի շրջանակում Կանադայի խորհրդարանում ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստան-Կանադա բարեկամական խմբի ղեկավար Հովհաննես Սահակյանը և Կանադա-Հայաստան խմբի ղեկավար Հարոլդ Ալբրեխտը մայիսի 26-ին Օտտավայում ստորագրել են բարեկամական խմբերի համատեղ հռչակագիր: Հռչակագիրը միտված է Կանադայի խորհրդարանի և ՀՀ Ազգային ժողովի հարաբերությունների ամրապնդմանը և միջազգային հարթակներում երկխոսության ու փոխադարձ աջակցության ընդլայնմանը: Ընդունելով համատեղ հռչակագիր` կողմերը հռչակել են, որ ձգտելու են ընդլայնել գոյություն ունեցող բարի հարաբերությունները երկու երկրների խորհրդարանների միջև բարեկամական և փոխըմբռնման ոգով: Ձգտելու են խթանել սերտ և ուղիղ համագործակցությունը Կանադա-Հայաստան և Հայաստան-Կանադա խորհրդարանական բարեկամական խմբերի միջև: Կողմերը խրախուսում են երկու խորհրդարանների համատեղ աշխատանքները` ուղղված օրենքի գերակայությանը, մարդու իրավունքների և ահաբեկչության դեմ պայքարում փորձի փոխանակմանը և համատեղ ծրագրերի իրագործմանը: