Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն «Ազգերի ժողովրդավարություն» կուսակցության համանախագահ Սելահեթթին Դեմիրթաշին մեղադրել էր քրդական հարցի լուծման հարցում սադրանքի և սփյուռքահայերի հետ «առևտուրի» գնալու համար։ Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» շաբաթաթերթի կայքը, սակայն, հիշեցնում է, որ վարչապետը դեռ 3 ամիս առաջ հայտարարել էր, թե «հայկական սփյուռքը թշնամի չէ, մեր սփյուռքն է»։ Դավութօղլուն Հայոց ցեղասպանության վերաբերյալ Սելահեթթին Դեմիրթաշի խոսքերն է հիշեցրել քրդերին՝ նշելով, որ Դեմիրթաշը քրդերին մեղավոր է համարել ու նրանց անունից ներողություն է խնդրել։ «Ձեր պապերին մեղադրող մեկը կարո՞ղ է ձեզ ներկայացնել»,- հարցրել է նա՝ հայտարարելով, որ Դեմիրթաշը ստանձնել է Թուրքիայի հողերի հանդեպ ունեցած իրավունքներից խոսողների խոսնակի դերը։ Ավելի վաղ՝ 2015 -ի փետրվարին, հայ, հույն, ասորի, հրեա համայնքների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում թուրք վարչապետն ասել էր, որ հայկական սփյուռքն օտար չէ։ Նա 20-րդ դարասկզբի առաջին կեսի կոտորածների հետևանքով Թուրքիայից արտերկիր մեկնած քաղաքացիներին Թուրքիա էր հրավիրել։ «Նրանք մեր սփյուռքն են, օտար չեն»,-ասել էր նա։