Աշխարհի ամենաբարձր գագաթի սառույցները կարող են մինչև 2100 թվականը կորցնել ծածկույթի մինչև 96 %-ը, վկայում են նեպալցի, հոլանդացի ու ֆրանսիացի գիտնականների համատեղ ուսումնասիրության տվյալները, որոնք հրապարակվել են The Cryosphere ամսագրում: «Կլիմայի հետագա փոփոխության սցենարը ենթադրում է, որ Էվերեստի շրջանում սառցադաշտերը կշարունակեն կորցնել իրենց զանգվածը 21-րդ դարում: Սառցադաշտերի կրճատումը 35- 62 % հնարավոր է մինչև 2050 թվականը, մինչև 2100 թվականը ջերմաստիճանի կայուն բարձրացումը կարող է հանգեցնել սառույցի 73-96 % զանգվածի հալվելուն»,- ասվում է հետազոտության մեջ: Գիտնականների տվյալով՝ Էվերեստի շրջանում սառույցները գտնվում են 5-6 հազար մետր բարձրության վրա և զգայուն են ջերմաստիճանի փոփոխությունների նկատմամբ: