ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերություններն ուղղված չեն որևէ երրորդ երկրի դեմ, ընթանում են բնականոն և անկաշկանդ՝ երեկ խորհրդարանում հայտարարեց փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը՝ պատասխանելով մտահոգությանը, թե Մոսկվան կարող է կրկին կասեցնել ՀՀ-ԵՄ նորացվող հարաբերությունները:
«ԵՄ-ի հետ մեր հարաբերությունները զարգացնում ենք շատ թափանցիկ: Մեր ռազմավարական գործընկերները տեղյակ են մեր անելիքների և ակնկալիքների մասին, այնպես որ հուսամ, որ այս անգամ գործընթացը կունենա հաջող ընթացք և ավարտ», - ասաց Նազարայանը: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հարցին պատասխանելով՝ փոխարտգործնախարար Նազարյանն ասաց, որ ոչ թե հոռետեսների, այլ լավատեսների թվում է, ովքեր կարծում են, որ մինչև տարեվերջ Հայաստանն ու Եվրամիությունը կունենան ստորագրված նոր մի փաստաթուղթ՝ 2013-ին Վիլնյուսում տապալված Ասոցիացման համաձայնագրի փոխարեն․ «Հիմնական նպատակն է ի հայտ բերել համատեղելի տարրերը»:
ՀԱԿ քարտուղար Արամ Մանուկյանը ևս հիշեց սեպտեմբերերեքյան որոշումը՝ նկատելով, որ ոչ ճշգրիտ հաշվարկների պատճառով Հայաստանը հարված ստացավ: Եվրոպայի հետ հարաբերությունների մերձեցման երկրորդ փուլում նման վտանգ չկա՞: Կարեն Նազարյանն արձագանքեց, որ խորհրդակցություններ ունեցել են՝ եվրոպական կառույցներում Հայաստանի ներգրավվածության շուրջ․ ռուսական կողմից բացասական տրամադրվածություն չկա: «Վերջերս Հայաստանում էր ՌԴ փոխարտգործնախարար Մեշկովը և մենք առիթ ունեցել ենք անդրադառնալու եվրոպական կառույցներում մեր հարաբերություններին ու նաև համագործակցության հարցերին», - ասաց Նազարյանը: Փոխնախարարը ԵՄ-ի հետ նոր փաստաթղթի հնարավոր ստորագրման կամ բանակցությունների մեկնարկի ժամկետներ չցանկացավ նշել, ասաց՝ Հայաստանը հույս ունի ԵՄ-ի հետ շուտով ստորագրել գիտության, մրցունակության, ավիացիոն ոլորտի, վիզաների դյուրացման երկխոսության մեկնարկի մասին համաձայնագրերը: Գործընթացը շարունակվում է, ասաց փոխարտգործնախարարը՝ նշելով, որ Հայաստանը ձգտում է դրական հանգուցալուծման․«Շատ դժվար է կանխատեսել բանակցությունների ընթացքը, դրանք ամբողջությամբ կախված են դինամիկայից, բովանդակային հարցերից»: