Ռուսաստանը պատասխան պատժամիջոցներ է սահմանել ԵՄ-ի դեմ՝ 89 քաղաքացիների արգելելով այցելել Ռուսաստան: Սև ցուցակը հրապարակել է ֆիննական հեռուստառադիոհեռարձակող Yle co կորպորացիան՝ վկայակոչելով Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտենի տվյալները: Նրա խոսքով՝ Ռուսաստանն ուղարկել է ցանկը ԵՄ երկրների դեսպանատներին անցած հինգշաբթի օրը: Ցուցակում են նախկին վարչապետներ, արտգործնախարարներ, Եվրախորհրդարանի պատգամավորներ, հետախուզության աշխատակիցներ: Նրանց թվում են Մեծ Բրիտանիայի նախկին փոխվարչապետ Նիկ Կլեգը, Բելգիայի նախկին վարչապետ, Եվրախորհրդարանի պատգամավոր Գայ Վերխոֆստատը, ԵՄ ընդլայնման հարցերով նախկին եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, ֆրանսիացի լրագրող Բերնար-Անրի Լևին, Ֆինլանդիայից Եվրախորհրդարանի անդամ Հեյդի Խաուտալան, Լիտվայի Սեյմի նախկին նախագահ և նախկին եվրապատգամավոր Վիտաուտաս Լանդսբերգիսը, բրիտանական խորհրդարանի նախկին պատգամավոր Մալկոլմ Ռիֆկինդը, Եվրախորհրդարանի նախկին փոխնախագահ Սքոթ Մակմիլանը, ֆրանսիացի ձախ քաղաքական գործիչ Դանիել Կոն-Բենդիտը: ՌԴ ԱԳՆ-ն դեռ չի հաստատել ԶԼՄ-ներում հրապարակված ցանկի իսկությունը: