Միջազգային հարաբերությունների մասնագետ Անդրանիկ Իսրայելյանը «Foreign Policy Journal»-ում գրել է. «2003-ին Ռեջեփ Թայիբ Էրդողանը դարձավ Թուրքիայի վարչապետ՝ փոխարինելով Աբդուլլահ Գյուլին: Նա զբաղեցրեց երկրի ԱԳ նախարարի պաշտոնը, իսկ Ահմեդ Դավութօղլուին առաջարկեցին արտաքին քաղաքականության հարցերով վարչապետի խորհրդականի պաշտոնը: Այս եռյակը պետք է հետագա տասնամյակում ձևավորեր թուրքական արտաքին քաղաքականությունը: «Հայկական բացահայտումը» դարձավ Անկարայի արտաքին քաղաքականությունը կերտողների դժվարագույն խնդիրներից մեկը:
Իմամ Հաթիփի կրոնական դպրոցի շրջանավարտ և նախկին կիսապրոֆեսիոնալ ֆուտբոլիստ Էրդողանը եռյակի ամենաազդեցիկ կերպարն էր, սակայն բավական պասիվ դերակատարում ուներ Թուրքիայի արտաքին քաղաքականության ձևավորման գործում: Դա լավագույնս բացատրվում է նրա նեղ աշխարհայացքով: Էրդողանի գլխավոր խորհրդականը՝ Իբրահիմ Կալինը, ավելի ուշ նրան բնութագրել է որպես գործիչ, այլ ոչ դիվանագետ, ընդ որում՝ միջազգային հարաբերությունները վատ հասկացող գործիչ: Ատելությամբ լի նրա ելույթները հանգեցրին Իսրայելի, Եգիպտոսի և Սիրիայի հետ Թուրքիայի հարաբերությունների խզման: Մեծ Բրիտանիայի Էքսեթերյան համալսարանի շրջանավարտ Աբդուլլահ Գյուլը միշտ պարկեշտ մարդ է եղել: Երբ 2003-ին ԱԳ նախարար Գյուլը հանդիպեց իր հայաստանցի գործընկեր Վարդան Օսկանյանին և առաջարկեց առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման գործընթաց սկսել, Հայաստանի ԱԳ նախարարին դա զարմացրեց: Սակայն ամիսներ անց Գյուլն Օսկանյանին խոստովանեց, որ թուրքական ղեկավարության շրջանում ակտիվ բանավեճերը հանգեցրին նրան, որ Ադրբեջանի շահերն անհնար է շրջանցել: Դա, թերևս, «հայկական բացահայտման» հարցում գաղափարախոսների և պրագմատիկների միջև առաջին ճեղքվածքն էր:
Արդեն 2008-ին, լինելով նախագահ, Գյուլն ընդունեց Երևան այցելելու՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը: Դա սկիզբն էր գործընթացի, որն արտաքին քաղաքական շրջանակներում կոչեցին «ֆուտբոլային դիվանագիտություն»: Գյուլը Թուրքիայում «հայկական բացահայտման» շարժիչ ուժն էր, իսկ նրա ԱԳ նախարար Ալի Բաբաջանն ամենօրյա աշխատանքի հրաշալի թեկնածու էր: Մինչ պրագմատիկները գործընթացն առաջ էին մղում, Թուրքիայի գաղափարախոսներն առանց տատանվելու սկսեցին միջամտել: 2009-ի մայիսին Բաբաջանին փոխարինելու եկավ Ահմեդ Դավութօղլուն: ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելուց հետո Դավութօղլուն, ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյա Դևիդ Ֆիլիպսի խոսքով, սկսեց հայ-թուրքական արձանագրություններ կազմել: Դավութօղլուի նշանակումից մի քանի օր անց Էրդողանը Բաքու ուղևորվեց, որ պարզի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ ադրբեջանական մտահոգությունները: Այն, ինչ տեղի ունեցավ հետագայում, աներևակայելի էր Գյուլի և Դավութօղլուի համար: ՈՒշադրություն չդարձնելով ԱԳՆ-ի հրահանգներին՝ Էրդողանը հայտարարեց, որ Հայաստանի հետ սահմանները չեն բացվի, քանի դեռ հայկական զորքերը դուրս չեն բերվել «Ադրբեջանի գրավյալ տարածքներից»: Ճակատագրի հեգնանքով, «ֆուտբոլային դիվանագիտությունը» կործանեց նախկին ֆուտբոլիստը՝ դիվանագիտության հանդեպ իր ատելության պատճառով: Այդ համատեքստում արտաքին գործերի նոր նախարար Մևլութ Չավուշօղլուն այլ ընտրություն չունի, քան Հայաստանին հայտարարել հարաբերությունների կարգավորման գործընթացի խզման մասին՝ Թուրքիայի խամրած կերպարի մեղքը բարդելով հայկական սփյուռքի վրա»: