Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հերթական հակահայկական հայտարարությունը ցույց է տալիս նրա իրական քաղաքական դեմքը, հակահայկական լինելը և այն, որ Թուրքիայի քաղաքական վերնախավը դեռևս հեռու է ժողովրդավարությունից՝ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահի հայտարարությանը, թե Թուրքիայի գլխավոր թշնամիներն են՝ հայկական լոբբին, համասեռամոլները և լրագրողները: «Դա ցույց է տալիս, որ Թուրքիայի քաղաքական վերնախավն ապրում է «հայկական բարդույթով»: Իհարկե, սա նոր բան չէ: Ես ափսոսում եմ, որ այդպես է, սակայն՝ փաստ է»,- նշեց ԱԺ փոխնախագահը: Նրա խոսքով՝ հարևան երկրի նախագահը և նրա աջակիցները ինչ-որ ուրվականներ են փնտրում և ամենուր տեսնում են հայերի ուրվականը: