ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ոչ միայն իր, այլև ողջ ժողովրդի ամենամեծ ձեռքբերումն է համարում, որ հաջողվել է պահպանել ՈՒկրաինան նման բարդ պայմաններում, տեղեկացնում է censor.net.ua կայքը:
«Կարևոր ձեռքբերումը տարվա ընթացքում այն էր, որ մենք պահպանեցինք ՈՒկրաինան»,-ասել է նա Գերագույն ռադայում ելույթում։
Նա նշել է, որ «Ղրիմը բռնակցված է, Դոնբասի մեծ մասը՝ գրավված»: «Ռուսամետ զինյալները սրում են իրավիճակը շատ այլ խաղաղ քաղաքներում»,- հավելել է նա:
Պորոշենկոն նշել է, որ այսօր իրենք կարող են պաշտպանել հայրենիքը։ «Մեր արևելյան սահմաններին մենք կանգնեցրինք մայր ցամաքի ամենաուժեղ բանակը։ Չէ՞ որ մեր դեմ կռվում են ՌԴ ԶՈՒ կանոնավոր ստորաբաժանումները»,- ասել է նա։
Նա նաև նշել է, որ գոհ չէ երկրի զարգացման տեմպերից, Գերագույն ռադայի և անձամբ իր աշխատանքից: «Ինձ հաճախ հարցնում են՝ գո՞հ եմ կառավարության աշխատանքից: Ոչ, դժգոհ եմ: Գո՞հ եմ Ռադայի աշխատանքից՝ ոչ: Ես գոհ չեմ նաև իմ աշխատանքից: Ոչ ոք ինձ այնքան չի քննադատում, որքան ես ինքս: Ես, մենք, նախարարները հաստատ նրանք չենք, ում համար ամենից դժվարն է երկրում»,-ասել է նա: