Թուրքիայի՝ ԵՄ հարցերով նախարար Վոլքան Բոզքըրը Անկարայի համար անընդունելի է համարել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու պատրաստության գնահատականի շուրջ Եվրախորհրդարանի զեկույցը։ Զեկույցում նշված է նաև 1915 թ. դեպքերի մասին 2015-ի ապրիլի 15-ին Եվրախորհրդարանի ընդունած որոշումը։ «Եթե զեկույցի վերջնական տեքստում այնպիսի կետեր լինեն, ինչպիսին 2015 թ. ապրիլի 15-ի Եվրախորհրդարանի որոշումն է կամ Քրդստանի աշխատավորական կուսակցությունը ԵՄ ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից բացառելու կոչը կամ նախքան ԵՄ-ին անդամակցելը Թուրքիային ֆինանսական օգնություն ցուցաբերելը սառեցնելը, զեկույցը Անկարայի համար անընդունելի է»,- ասված է Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցին, ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիին, ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանին և Եվրախորհրդարանի խմբակցությունների ղեկավարներին գրած Բոզքըրի նամակում։ Բոզքըրը եվրոպացի քաղաքական գործիչներին զգուշացրել է, որ զեկույցը չպետք է լինի «միակողմանի», ինչը կարող է բացասաբար ազդել Կիպրոսի խնդրի կարգավորման բանակցությունների վրա։