Ադրբեջանցի դիվանագետ, Իսլամական համագործակցության կազմակերպությունում երկրի ներկայացուցիչ Արիֆ Մամեդովը Facebook-ում հակաիշխանական գրառում էր արել, ապա մեկնաբանել էր իրեն հայ լինելու մեջ մեղադրողներին՝ նշելով, որ զտարյուն ադրբեջանցի է: «Ադրբեջանի ներկայիս պայմաններում ադրբեջանցի դիվանագետի հայտարարությունները պետական պաշտոնյաների մասին զարմանքի տեղիք են տալիս: Ցանկացած ոլորտի և ցանկացած մակարդակի պաշտոնյա չի կարող սեփական կարծիքն արտահայտել»,-ասել է «Արևմուտք-Արևելք» հետազոտական կենտրոնի ղեկավար Արաստուն Օրուջլուն՝ մեկնաբանելով Արիֆ Մամեդովի սկանդալային գրառումը Facebook սոցցանցում, որը քննադատել էր պետական պաշտոնյաներին՝ Բաքվի խոշոր հրդեհը թույլ տալու համար։ Օրուջլուն կարծում է, որ Մամեդովն այդ քայլին գնալու համար երեք տարբեր պատճառ կարող էր ունենալ: Նախ՝ Ադրբեջանի իշխանական համակարգի խնդիրների պատճառով, երկրորդ՝ արտաքին գործոնների ազդեցությամբ, երրորդ՝ իշխանության ներսում հեռուն գնացող նպատակներ կան: Օրուջլուի կարծիքով՝ նպատակն Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի պաշտոնանկությունն է: