Բրիտանական BBC-ն փորձել է հասկանալ, թե ինչ գին կվճարի Բաքուն Եվրոպական խաղերի անցկացման համար՝ պաշտոնական, իրական, գաղափարախոսական, փոխաբերական: Վկայակոչելով Ադրբեջանի սպորտի նախարար Ազադ Ռահիմովի հայտարարությունը` BBC - ն նշում է, թե «Բաքվում Եվրոպական խաղերի անցկացումից հետո մարդիկ ամբողջ աշխարհում կհասկանան, որ Ադրբեջանը եվրոպական երկիր է...»։ Բաքվի Եվրոպական խաղերի «պաշտոնական արժեքը» 1,2 մլրդ ԱՄՆ դոլար է, իրական արժեքը շատ ավելի բարձր է. միայն Օլիմպիական մարզադաշտի կառուցումը արժեցել է 600 մլն ԱՄՆ դոլար, հսկայական ակվակենտրոն և հրաձգարան, գիմնաստիկայի կենտրոն, մարզական ավան, մարզական շինություններ են կառուցվել: Ադրբեջանը ամբողջությամբ հոգում է բոլոր մասնակիցների ճամփորդական ծախսերը, կեցությունը, սնունդը: Բաքվում մարզիկներն անվճար օգտվելու են այնպիսի տաքսիներից ու ավտոբուսներից, որ գործում են Լոնդոնում: Բաքվում Եվրոպական խաղերն անցկացվում են նավթի գների անկման և Ադրբեջանի ազգային արժույթի` 1/3-ով արժեզրկման ֆոնին: Կարո՞ղ է այդ երկիրը առհասարակ իրեն Եվրոպական խաղեր թույլ տալ: Շատ ադրբեջանցիներ հազիվ են ծայրը ծայրին հասցնում: Ադրբեջանի ընդդիմությունից էլ մատնանշում են, որ խաղերը լավ PR են իշխանությունների համար, սակայն ոչ մի կերպ «ծախսերը իրենց չեն արդարացնում»: Վկայակոչելով ադրբեջանցի ակտիվիստներին` աղբյուրը մատնանշում է մամուլի ու մարդու իրավունքների անմխիթար վիճակն Ադրբեջանում, անվտանգության հարցերը` մեկ ամիս առաջ Բաքվում տեղի ունեցած հրդեհի համատեքստում, որը 15 մարդու կյանք էր խլել: