Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն ասել է, որ Աք Սարայ նախագահական պալատն Անկարայում ստիպված է եղել կառուցել, որովհետև նախորդ պալատի սանհանգույցում խավարասերներ են եղել: Նախատեսված էր, որ Աք Սարայ պալատում, որի շինարարությունը սկսվել էր 2011-ին, կլինի Թուրքիայի վարչապետի գրասենյակը: 2014-ին ընտրություններում հաղթելուց հետո Էրդողանը հայտարարել էր, որ պալատը նախագահական է լինելու: «Երբ ես պաշտոնը ստանձնեցի, իմ նստավայրի լոգատաշտերի մոտ խավարասերներ էին վխտում: Մի՞թե նման վայրը արժան է Թուրքիայի նախագահին: Դուք այդտեղ հյուր կկանչեի՞ք: Ի՞նչ կլինի, եթե որևէ մեկը այնտեղ խավարասերների տեսնի ու պատմի ամբողջ աշխարհին: Դրա գինը Թուրքիայի համար կարող էր շատ բարձր լինել»,- մանրամասնել է Էրդողանը: «Խավարասեր» բառի համար Էրդողանը մեղմասացություն է կիրառել` «karafatma»-ն, որը երկու բառերի` «սև» և «Ֆաթիմա» անվան համադրումն է: Թուրքական ԶԼՄ-ները արձանագրել են, որ մուսուլմանները պետք է զերծ մնան խավարասերների առնչությամբ նման բառեր կիրառելուց, քանի որ Ֆաթիման իսլամի հիմնադիր Մուհամեդ մարգարեի աղջկա անունն էր: