Բավարիայում գտնվող Գարմիշ-Պարտենկիրխեն լեռնադահուկային հանգստավայրում երեկ սկսվել է Մեծ յոթնյակի հերթական գագաթնաժողովը: Աշխարհի առավել զարգացած յոթ արդյունաբերական պետությունների ղեկավարները երկու օր Գարմիշ-Պարտենկիրխենում քննարկելու են միջազգային օրակարգի կարևորագույն հարցերը:
Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները կչեղարկվեն դրանց սահմանման պատճառների վերացման պարագայում, ZDF հեռուստաընկերության եթերում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: «Պատժամիջոցները կչեղարկվեն, երբ չեն լինի նախապայմանները, որոնց համաձայն սահմանվել են, և խնդիրները լուծված կլինեն»,- ասել է նա։ Անգելա Մերկելը պատժամիջոցների թուլացման հավանականությունը կապել է ՈՒկրաինայի արևելքում տիրող իրավիճակի կարգավորման շուրջ Մինսկի համաձայնագրերի իրագործման հետ: «Եթե «Մինսկը» իրագործվի, նաև պատժամիջոցները կչեղարկվեն»,- ընդգծել է կանցլերը: Նրա խոսքով` Մոսկվայի դեմ կիրառվող պատժամիջոցներն ինքնանպատակ չեն, այլ «նպատակներին հասնելու գործիք են հանդիսանում»: Մերկելը ընդունել է, որ Արևմուտքը կարիք ունի Ռուսաստանի հետ համագործակցելու այնպիսի գլոբալ միջազգային հարցերի կարգավորման համար, ինչպիսիք են Սիրիայի հակամարտությունը կամ Իրանի միջուկային ծրագիրը:
G7 երկրները և ԱՄՆ-ը չեն ցանկանում «սառը պատերազմի» վերադարձ՝ այդ մասին հայտարարել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշ Էռնեստը: «Կարծում եմ՝ ոմանք, մասնավորապես՝ նախագահ Պուտինը, ցանկանում են վերադարձնել կամ կրկին սրել «սառը պատերազմի» մենթալիտետը: Սակայն, վստահորեն, դա ԱՄՆ-ի կամ յոթնյակի ծրագրերի մեջ չի մտնում»,- նշել է Էռնեստը: Նրա խոսքով՝ G7-ի երկրները հակված են ընդհանուր արժեքների հավաքածուին, որի տարածմանը հասնում են ամբողջ աշխարհում: