Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ցանկանում էր խորհրդարանական ընտրությունների միջոցով գերնախագահ դառնալ, սակայն նրա ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցությունն առաջին անգամ այլևս մեծամասնություն չի կազմում։ Ակնհայտորեն Էրդողանը գերագնահատել էր իր հնարավորությունները՝ գրում է գերմանական Süddeutsche Zeitung պարբերականը՝ անդրադառնալով հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին։ Ընտրություններում իրական հաղթողը քրդական ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունն է, որը, խորհրդարան ընտրվելով, կանխեց սահմանադրական փոփոխություններ իրականացնելու Էրդողանի ծրագրերը։ Էրդողանն իր հույսերն ու երազանքները պետք է հեռվում թողնի, շարունակում է թերթը։ Թուրքիայում ավարտվեց «Արդարություն և զարգացում» կուսակցության տիրապետությունը։ Առաջին անգամ 54 տարվա ընթացքում խորհրդարանում հայ պատգամավորներ են ներկայացված լինելու։ Թուրքիայում իրական հաղթած կուսակցությունը ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունն է, որը հավաքել է մոտ 13 տոկոս և Անկարայի խորհրդարանում 77 կամ 78 մանդատ կունենա, ինչով վերջ կդնի «Արդարություն և զարգացում» կուսակցության տասնամյակներ շարունակվող միանձնյա իշխանությանը։ Իհարկե, առավել շատ ձայներ հավաքած կուսակցությունը Էրդողանի «Արդարություն և զարգացումն» է, որը մոտ 41 տոկոս է հավաքել, բայց Էրդողանն այսուհետ միանձնյա իշխող չի կարող լինել։ Նա կունենա 256 մանդատ, մինչդեռ մեծամասնություն կազմելու համար անհրաժեշտ է 276։ Դա նշանակում է, որ առաջին անգամ Էրդողանը բացարձակ իշխանություն ստանալու համար ստիպված է կոալիցիա կազմել որևէ ուժի հետ։ Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը հավաքել է մոտ 25 տոկոս։ Աջակողմյան Ազգայնական շարժումը (Թուրքիայում հայտնի «Գորշ գայլեր») հավաքել է 16,3 տոկոս և կունենա 77 մանդատ։
Թուրքիայում ընտրությունները փոխեցին երկրում տիրող իրավիճակը։ Քրդական ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը Էրդողանին ստիպեց զսպել իր ախորժակը։ Գերնախագահ դառնալու փոխարեն Էրդողանը ստիպված է կոալիցիոն գործընկեր փնտրել իր կուսակցության համար, եզրափակում է թերթը։