ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Էրդողանը կարող էր Նոբելյան մրցանակ ստանալ

Էրդողանը կարող էր Նոբելյան մրցանակ ստանալ
10.06.2015 | 23:23

Թուրքիայում անցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներն աննախադեպ են, կարծում է ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդի վերլուծաբան, տասնամյակների դիվանագիտական փորձ ունեցող ՈՒեյն Մերին:
Նրա խոսքով՝ Թուրքիայի խորհրդարանում քրդական կուսակցության ներկայությունը ընդլայնելու է այդ երկրի քաղաքական համակարգը: «Այս ընտրությունները արտակարգ կարևորություն ունեն և շրջադարձային կետ կարող են դառնալ Թուրքիայի պատմության մեջ»,- ասում է Մերին:
Վերլուծաբանի կարծիքով՝ քրդական ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը կարողացավ հաղթահարել 10 տոկոսի շեմը ոչ միայն քրդերի և Թուրքիայում բնակվող ազգային փոքրամասնությունների, այլև հենց թուրքերի մի մասի ձայնի շնորհիվ․«Այսպիսով, քրդական ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը պետք է դիտարկել որպես ավելին քան քրդական կուսակցություն, այն անհրաժեշտ է դիտարկել որպես առաջադիմական կուսակցություն»:
Քարնեգի հաստատության վերլուծաբան Թոմ դը Վաալը համոզված է, որ քրդական ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը վերջ կդնի Թուրքիան նախագահական երկիր դարձնելու Էրդողանի ցանկությանը:
ՈՒեյն Մերիի կարծիքով, սակայն, քաղաքականության մեջ անհնար ոչինչ չկա, և Թուրքիայի նախագահը դեռ չի հրաժարվել իշխանությունն իր ձեռքում կենտրոնացնելու ցանկություններից. «Պարոն Էրդողանը բազմիցս է ապացուցել, որ համառ, վճռական, փառասեր և անսկզբունքային քաղաքական գործիչ է, և նա անշուշտ կփորձի իր ծրագրերին հասնել այլ ուղիներով»:
Ինչ վերաբերում է հայ - թուրքական հարաբերություններին, Թուրքիայի խորհրդարանում քրդական կուսակցության ներկայությունը դժվար թե լրջորեն փոխի Անկարայի արտաքին քաղաքականությունը: Ըստ փորձագետի, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը Էրդողանին հնարավորություն էր ընձեռում հայերին ձեռք մեկնել և մտնել պատմության մեջ: «Միանշանակ, Ցեղասպանության հարյուրամյակը Թուրքիային աննախադեպ հնարավորություն էր ընձեռում քայլ կատարել ամբողջ աշխարհի հայերի նկատմամբ, և այդ քայլը հսկայական խորհուրդ կունենար: Կարծում եմ, Էրդողանը Նոբելյան մրցանակի թեկնածու կարող էր դառնալ, եթե այդ քայլն աներ, սակայն նա որոշեց չանել այդ քայլը», - ասում է ՈՒեյն Մերին: Նրա կարծիքով՝ Երևանի և Անկարայի երկկողմ հարաբերությունների բարելավման համար անհրաժեշտ է կատարել ոչ թե արմատական քայլեր, որոնք ապագայում բարդ կլինի իրականացնել, այլ փոքր քայլերով առաջ շարժվել, օրինակ՝ սկզբում բացել Երևանում և Անկարայում շահերի ներկայացուցչություններ և կոնֆիդենցիալ բանակցություններ սկսել:

Դիտվել է՝ 629

Մեկնաբանություններ