Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է TRT հեռուստաալիքի եթերում, որ մտադիր է բոլոր կուսակցությունների հետ համակողմանի քննարկել կոալիցիոն կառավարության ձևավորման հարցերը: «Մենք անհապաղ արտահերթ ընտրությունների կոչ չենք անի և կվերլուծենք կոալիցիայի բոլոր տարբերակները: Ես ազնիվ դիրքերից այդ թեման կքննարկեմ բոլոր ընդդիմադիր կուսակցությունների հետ: Մենք մեր սկզբունքներն ունենք, սակայն «կարմիր գիծ» տերմինը քաղաքականության համար այնքան էլ հարմարավետ չէ, և ես այն չեմ գործածել դեռևս ԱԳՆ ղեկավար եղած ժամանակ»,- ասել է Դավութօղլուն: Նա ընդգծել է, որ ընտրությունների և ստեղծված քաղաքական իրավիճակի պատճառով կառավարության աշխատանքներում «խափանումներ չեն լինի»: «Ես դա ասում եմ շուկային, ձեռնարկատերերին, արհմիություններին, հասարակական կազմակերպություններին: Թող բոլորը հանգիստ լինեն»,- հավելել է նա: