Հունիսի 7-ին Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցության առաջադրած ու պատգամավորական մանդատ ստացած հայազգի կին պատգամավոր Սելինա Դողանի խոսքով, ԺՀԿ-ն ընդունում է, որ անցյալին վերաբերող որոշ հարցեր կան, որոնց հետ պետք է առերեսվել: Ժողովրդահանրապետական կուսակցությունը 1923 թվականին հիմնել է Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը։ 1995 թվականին սոցիալ-ժողովրդավարական ժողովրդական կուսակցության (ՍԺԺԿ) հետ միավորվելուց հետո ԺՀԿ-ն համարվում է ազդեցիկ կենտրոնամետ ձախ կուսակցություն:
Ermenihaber-ի հետ զրույցում Սելինա Դողանն ասել է, որ ԺՀԿ-ն Թուրքիայի հասարակության պես վերափոխման գործընթացում է: «Դա իրականացվում է կադրերը թարմացնելով, տարբեր հատվածների ներկայացուցիչների, կանանց առաջադրելով: Ես էլ այդ վերափոխման մի մասն եմ և դա տրամաբանական եմ համարում: Ոչ ոք թող հայ լինելս կասկածի տակ չդնի: Ինձ կուսակցության անդամներն էլ են շատ դրական ընդունում: Սկզբնական շրջանում մի փոքր ըմբոստություն եղավ, բայց հիմա ամեն ինչ կարգին է», - հայտարարել է Դողանը։
Նա նշել է, որ խոսքի ազատությունը կուսակցությունում ամենաշատ կարևորվող հարցերից մեկն է, վստահեցնելով, որ կուսակցության ներսում կա «քաղաքական բարոյականության սկզբունք և հարգանք խոսքի ազատության նկատմամբ», և որ ազատորեն կարող է ասել՝ ինչ ճիշտ է համարում, և մինչև վերջ պնդել ասածը։
«Ես, որպես հայ պատգամավոր, բնականաբար, հայերին վերաբերող խնդիրները խորհրդարանի օրակարգ կբերեմ: Ի տարբերություն մյուս պատգամավորների, ես ավելի քաջատեղյակ եմ հայ համայնքին հուզող հարցերին, ի վերջո համայնքի մեջ եմ մեծացել»,- ասել է Սելինա Դողանը: ԺՀԿ-ն, ըստ նրա, հակված է հարևան բոլոր պետությունների հետ հարաբերությունների կարգավորմանը: «Այդ հարևաններից մեկն էլ Հայաստանն է: Ինչո՞ւ սահմանները փակ լինեն: Ինչո՞ւ մարդիկ չկարողանան միմյանց հետ առևտուր անել: Հասարակությունները մերձեցնելու համար քաղաքական կամքի պակաս է նկատվում, հայկական սփյուռքի նկատմամբ բացասական վերաբերմունք կա: Հարկավոր է դա վերացնել: Այս ուղղությամբ ԺՀԿ-ն, անշուշտ, դրականին միտված քայլեր կանի: Բնականաբար, դա այսօր կամ վաղը լուծվելիք հարց չէ: Այդ կոնտեքստում, օրինակ, իմ թեկնածության առաջադրումն արդեն իսկ որպես դրական քայլ եմ ընկալում»,- ասել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավորը։ Դիտարկմանը, թե կուսակցության նախագահը հայտնի է հակահայկական հայտարարություններով, հատկապես Հայոց ցեղասպանության հարցում, Դողանն այսպես է արձագանքել. «Միևնույն ժամանակ կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն 1915 թվականի դեպքերն անվանել է մեծ ողբերգություն և նշել, որ առերեսվելուց չենք վախենում: Այսինքն՝ 1915 թվականի դեպքերն ինչպես ուզում եք՝ կոչեք: Դա առանձին թեմա է: Արդյունքում այդ մարդիկ այսօր չկան: Այսօր Թուրքիայում ընդամենը 50-60 հազար հայ է ապրում, այնինչ ժամանակին միլիոնավոր են եղել: Կան հարցեր, որ առայսօր բաց են ու լուծման կարիք ունեն: Անկախ նրանից, թե ինչ բնորոշում կտանք, խնդիրն առկա է: Կարևոր է, թե այսօր այդ մարդկանց ինչպես եք վերաբերվում: Այսինքն՝ մինչ օրս այդ մարդկանց որպես թշնամի՞ եք դիտում, օտարացնո՞ւմ եք, թե՞ վերաբերվում եք նրանց ինչպես հավասարը հավասարին, առանց որևէ այլատյացության: Մենք կպայքարենք հենց այդ այլատյացության վերացման համար»: Անդրադառնալով հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման խնդրին՝ Դողանն ասել է, որ այն Ղարաբաղի հարցի հետ կապելը ճիշտ չի համարում:
«Հասարակական կազմակերպությունների տարած աշխատանքները պետք է ավելի ուժեղացնել: Մի շարք նախագծեր կան, որոնք պետք է խրախուսել, որպեսզի երկու հասարակությունները միմյանց ավելի լավ ճանաչեն, իսկ սահմաններն էլ բացվեն», - ասել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավորը: