Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հունիսի 7-ի ընտրություններում ձախողումից հետո կարող է պառակտվել: Ընտրողների քվեների 40 տոկոսը ստանալուց հետո կուսակցության ներսում խոսակցություններ սկսվեցին հնարավոր պառակտման մասին: Ինքը Էրդողանը հայտարարել է, որ նոր կառավարություն ձևավորելու նպատակով անհրաժեշտ է դաշինք կազմել․ «Յուրաքանչյուրը պետք է սեփական եսասիրությունը մի կողմ դնի և մեր երկրում նոր կառավարություն ձևավորի»: Վերլուծաբանների կարծիքով, սակայն, Էրդողանի կոալիցիոն կառավարության գաղափարին դեմ է հենց իր կուսակցության մի մասը: «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ, Թուրքիայի վարչապետի պաշտոնակատար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ միակուսակցական կառավարության կողմնակից է: «Թե ես, թե մեր նախագահը նախկինում հայտարարել ենք, որ կոալիցիաները Թուրքիայի համար չեն, ու մենք շարունակում ենք մնալ այդ մտքին»,- ասել է Դավութօղլուն: Եթե նորընտիր խորհրդարանական ուժերին չհաջողվի կոալիցիոն կառավարություն ձևավորել, 45 օր անց Թուրքիայում արտահերթ ընտրություններ կհայտարարվեն: Անսպասելի բարձր տոկոսներ հավաքած և առաջին անգամ Թուրքիայի խորհրդարան անցած քրդական ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունն արդեն հայտարարել է, որ կոալիցիա չի կազմելու Էրդողանի կուսակցության հետ: «Մենք դեռևս դիտարկում ենք դաշինքներ կազմելու տարբերակները, սակայն «Արդարություն և զարգացում» կուսակցության հետ դաշինք կազմելու վերաբերյալ մեր մոտեցումը չի փոխվել: Դաշինք ասելով՝ ես ի նկատի ունեմ այլ ուժերի հետ դաշինքներ»,- հայտարարել է կուսակցության համանախագահ Սելահեդդին Դեմիրթաշը:
Ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած ընդդիմադիր ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Դենիզ Բայքալը հայտարարել է, որ ստեղծվելու դեպքում դաշինք կլինի ոչ թե Էրդողանի կուսակցության հետ, այլ մյուս կուսակցությունների միջև: Վերլուծաբաններն արդեն նշում են, որ արտահերթ ընտրությունների դեպքում դժվար է կանխատեսել, թե ինչպիսի մոտեցում կդրսևորի Էրդողանի երբեմնի իշխող կուսակցությունը, և նշանակալի են համարում Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի քաղաքականություն վերադառնալու որոշումը: