Ադրբեջանի խորհրդարանն առանց պատասխանի չի թողնի ուրբաթ օրը գերմանական Բունդեստագի ընդունած «Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության պահանջ» անվանումով բանաձևը` հայտարարել է Մեջլիսի միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական կապերի հանձնաժողովի անդամ Ռասիմ Մուսաբեկովը՝ Բաքվում Եվրոպական խաղերի կապակցությամբ գտնվող ռուս խորհրդարանականների պատվիրակության հետ հանդիպման ժամանակ: «Մեր խորհրդարանականները պատասխան են պատրաստում Բունդեստագի բանաձևին, որը մենք դիտարկում ենք որպես Ադրբեջանի դեմ քայլ»,- ասել է նա: «Մենք դեմ չենք մարդու իրավունքների հարցերով երկխոսությանը և պատրաստ ենք այդ թեման քննարկել եվրոպացի գործընկերների հետ, առավել ևս, որ մենք նույնպես ասելիք ունենք այդ խնդրի շուրջ, մասնավորապես՝ Եվրոպայի երկրներում իսլամաֆոբիայի վերաբերյալ: Սակայն մենք դեմ ենք միակողմանի մոտեցմանը, մեզ որպես անխելք աշակերտների ներկայացնելու փորձերին, որոնց պետք է դասեր տալ մարդու իրավունքների պաշտպանության հարցերում»,- հավելել է նա: Մուսաբեկովը նշել է, որ այդ մոտեցումն անընդունելի է: «Կան բաներ, որոնք վերաբերում են ազգային ինքնիշխանությանը, և մենք թույլ չենք տա խախտել»,- նշել է խորհրդարանականը: Գերմանիայի իշխող կոալիցիայի կուսակցությունների նախաձեռնությամբ ընդունված բանաձևում մտահոգություն է արտահայտվում Ադրբեջանում մարդու իրավունքների պարբերական խախտումների, ընդդիմադիր ԶԼՄ-ների ճնշումների և քաղբանտարկյալների առնչությամբ: Բանաձևի ընդունման առիթ է դարձել Բաքվում Եվրոպական խաղերի համար գերմանական ARD հեռուստաալիքի թղթակցին հավատարմագրելու մերժումը: Ադրբեջանի ԱԳՆ-ն և Գերմանիայում այդ երկրի դեսպանատունը բողոք են արտահայտել Բունդեստագի «ոչ բարեկամական բանաձևի» առնչությամբ, որը «չի համապատասխանում երկու երկրների միջև հարաբերությունների ոգուն»: