Թուրքական Star պարբերականում Մենսուր Աքգյունը գրում է. «Հայաստանը մոտ 3 մլն բնակչությամբ, մոտ 30 հազար քառակուսի կիլոմետր տարածությամբ, բնական աղբյուրներ չունեցող, փոխարենը՝ շատ խնդիրներ ունեցող մի երկիր է, սակայն Թուրքիայի համար կարևոր է այդ երկրի հետ հարաբերությունների կարգավորումը:
Չնայած Հայաստանի՝ անկախության հռչակումից կարճ ժամանակ անց Թուրքիան ճանաչել է, դիվանագիտական հարաբերություններ դեռ չեն հաստատվել։ Ցամաքային սահմանը 1993-ից պաշտոնապես փակ է։ Մարդկային հարաբերություններն օդային ճանապարհով, առևտուրը՝ սահմանը շրջանցելով է տեղի ունենում։ 2008-ին Աբդուլլահ Գյուլի ու Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ սկսված «ֆուտբոլային դիվանագիտությունը», ցավոք, Ադրբեջանի կեցվածքի պատճառով արդյունքի չհասավ։ 2009 -ին Ցյուրիխում ստորագրված հարաբերությունների կարգավորման մասին արձանագրություններն այդպես էլ կյանքի չկոչվեցին։ Հետևաբար՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները հունիսի 7-ին Թուրքիայում կայացած ընտրություններից հետո ստեղծվելիք կառավարության օրակարգային կարևոր կետերից մեկը պետք է լինեն։
Պատճառները հետևյալն են.
1. Հայաստան-Թուրքիա հարաբերություններն ամենահեշտ լուծվող խնդիրներից են։ Սիրիայի, Իրաքի կամ «Իսլամական պետության» նման մեծ ջանքեր ու միջոցներ չեն պահանջում։ Եվ ճիշտ շարժվելու դեպքում Թուրքիան օգուտ կստանա։
2. Ադրբեջանի առումով էլ հարաբերությունների կարգավորումը կարևոր է։ Փաստ է, որ Հայաստանի հանդեպ Թուրքիայի էմբարգոն Ադրբեջանի պահանջները բավարարելու համար բավական չէր։ Հակառակը՝ Հայաստանն ավելի ամուր և անզիջում կեցվածք է ցուցաբերում։ Հենվել է Ռուսաստանի ու Իրանի վրա, անհրաժեշտության դեպքում ԱՄՆ-ից ու Ֆրանսիայից է աջակցություն ստանում։ Քանի որ պատերազմն այլընտրանք չէ, մնում է ԼՂ խնդիրը դիվանագիտորեն լուծել։
3. Հայաստանի անզիջում կեցվածքի հարցում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից շրջափակված, ցեղասպանության ենթարկված երկրի իմիջ ձեռք բերելն էլ է մեծ դերակատարություն ունեցել։ Ցեղասպանության հարցն իր ներսում քննարկող Թուրքիայի հետ հաշտվող Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հարցում իր լեգիտիմության համար պնդել չի կարող։
4. Թուրքիայի համար Հայաստանը ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ հարաբերություններում օգտագործելու բանալիներից մեկն է։ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերի ձեռնարկումը վերջին տարիներին Արևմուտքի մայրաքաղաքներում Թուրքիայի ընկալումը կբարելավի։
5.Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը Թուրքիային Կովկասում խնդիրները լուծելու նոր հնարավորություններ կընձեռի։ Այդ երկրի վրա Ռուսաստանի քաղաքական գերակայությունն ու ռազմական ներկայությունը նվազեցնելու պատճառ կդառնա։ Որքան էլ մեր ուժեղ և մեծ հարևան Ռուսաստանի հետ խնդիրներ չունենք՝ մեր սահմանից ՌԴ-ի հեռանալը մեր վստահությունը կավելացնի։
Ճիշտ է, Հայաստանի նման երկրի հետ հարաբերությունների կարգավորումը հեշտ չէ, սակայն այնքան կարևոր է, որ Թուրքիան պետք է ջանքեր գործադրի։ Նոր կառավարությունը երկրի ու տարածաշրջանի համար նոր նախաձեռնություններ պետք է զարգացնի, և Հայաստանը նման նախաձեռնողականության մեկնարկը կարող է լինել։ 2009-ից հետո Թուրքիան փոխվել է, Հայաստանի ընկալումները մեծապես փոխվել են։ Լրագրող Հրանտ Դինքի սպանությունը, ցեղասպանության քննարկումները, ֆուտբոլային դիվանագիտությունը, քաղաքացիական հասարակությունների շփումները նախկին քաղաքական ռեֆլեքսները մոռացության տալու ճանապարհ են բացել։ 2015-ին Թուրքիայի կառավարության հավակնող նոր իշխանական բլոկը շատ տարբեր քաղաքական ընտրությունների դեմ հանդիման է լինելու։ Թուրքիան Հայաստանի խնդիրը պետք է լուծի Ադրբեջանին չանտեսելով, Ռուսաստանին հավաստիացնելով, և առանց Իրանին մտահոգելու, որ Ծոցի երկրներից հետո այժմ էլ Կովկասում է Թուրքիայի կողմից շրջափակվում։ Առանց որևէ մեկի հետ հարաբերությունները վատացնելու, ոչ մեկի շահերին վնաս չհասցնելով կարող է Կովկասում հավասարակշռությունը փոխել։ Դա կարող է ազդել նաև ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վրա»։