Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ՝ Իրաքն ու Սիրիան ԴԱԻՇ-ի զինյալներից մաքրելուն ուղղված կոալիցիոն ուժերի գործողության շրջանակներում կատարված առաջին քայլը Թել Աբյադի գրավումն է: Այժմ ԱՄՆ-ի գլխավորած դաշինքը մտադիր է հարվածն ուղղել դեպի հարավ՝ Ռաքքա: Սակայն դրա համար անհրաժեշտ է ապահովագրել թիկունքը՝ հյուսիսը: Քրդական ինքնապաշտպանական ջոկատները կոալիցիայի ավիահարվածների աջակցությամբ Քոբանիից պետք է շարժվեն Ռաքքա: Թուրքիան էլ ԴԱԻՇ-ի հետ իր հարաբերությունների պատճառով մնացել է խաղից դուրս վիճակում: Թել Աբյադի գրավմամբ խզվել է Թուրքիայի ու ԴԱԻՇ-ի միջև կապը տվյալ հատվածում: Այժմ Թուրքիայի ու ԴԱԻՇ-ի միջև կապը պահպանվում է միայն Աֆրինի շրջանի միջոցով:
Թել Աբյադի ու Ռաքքայի ռազմական գործողությունների ավարտից հետո Սիրիայի քրդերն իրենց հարվածն ուղղելու են Իդլիբի ուղղությամբ, որը Ռաքքայից հետո ԴԱԻՇ-ի երկրորդ խոշոր կենտրոնն է Սիրիայում: Այս բոլոր գործողությունների հաջող ավարտից հետո Թուրքիան Քիլիսից մինչև Սիլոփի ընկած 600-700-կիլոմետրանոց հատվածում կստանա նոր հարևան՝ ի դեմս Արևմտյան Քրդստանի (Ռոժավա):