Թուրքիայի 9-րդ նախագահ Սուլեյման Դեմիրելը կյանքից հեռացավ Անկարայի «Գյուվեն» հիվանդանոցում, 90-տարեկանում: Նա հիվանդանոց էր տեղափոխվել մայիսի կեսերին` սրտի և շնչառական ուղիների խնդիրներով:
«Պարոն նախագահը վախճանվել է այս գիշեր` ժամը 2-ն անց 9 րոպեին: Մինչև վերջին պահը պարոն Դեմիրելը չի կորցրել գիտակցությունը և կյանքից հեռացել է հպարտորեն և խաղաղությամբ», - հայտարարել է նախկին նախագահին բուժող բժիշկ Այլին Ջեսուրը:
Սուլեյման Դեմիրելը մոտ կես դար տևած քաղաքական գործունեության ընթացքում յոթ անգամ զբաղեցրել է Թուրքիայի վարչապետի պաշտոնը, երկու անգամ` 1971 և 1980 թվականներին այդ պաշտոնից հեռացվել է ռազմական հեղաշրջումների հետևանքով: Պարզ լեզվով արտահայտվելու կարողության, փոքր-ինչ կոպիտ կատակների և թևավոր խոսքերի համար ժամանակակիցները Դեմիրելին անվանում էին «Չոբան Սուլու»: Նրա քաղաքական հայտարարությունները շատ հաճախ հակասում էին իրար, բացատրելով, թե ինչու է հաճախ փոխում իր տեսակետը, Թուրքիայի 9-րդ նախագահը հայտարարեց. «Երեկը երեկ էր, այսօր այսօրն է»:
Դեմիրելը թուրքական կառավարությունը ղեկավարում էր նաև Խորհրդային Միության փլուզման շրջանում: Այդ տարիներին հենց նա էր Ադրբեջանի և Միջին Ասիայի թյուրքական հանրապետությունների հետ հարաբերությունների սերտացման գլխավոր ջատագովներից մեկը: Այդ քաղաքականությունը Դեմիրելը շարունակեց նաև Թուրգութ Օզալի մահվանից հետո, երբ ստանձնեց երկրի նախագահի պաշտոնը: Պաշտոնավարման յոթ տարիների ընթացքում նա մի քանի անգամ այցելեց Բաքու, սերտ անձնական հարաբերություններ էր հաստատել Հեյդար Ալիևի հետ: Որպես հետևանք՝ Հայաստանի հետ հարաբերություններում Դեմիրելը կոշտ գծի կողմնակից էր: Նրա վարչապետության օրոք վերջնականապես փակվեց հայ - թուրքական սահմանը: