Հունիսի 22-ին Ստրասբուրգում մեկնարկեց ԵԽԽՎ ամառային նստաշրջանը, որի ընթացքում ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ, Բոսնիայի ԱԳ նախարար Իգոր Ցրնադակը ելույթ ունեցավ խորհրդաժողովի անդամների առջև և պատասխանեց նրանց հարցերին։ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության անդամ Գանիրա Փաշաևան հարց ուղղեց «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ի կայացրած վճռի վերաբերյալ։ ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ Իգոր Ցրնադակը պատասխանեց, որ բացի ադրբեջանցի պատգամավորի նշած «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործից, ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել նաև «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով: Ցրնադակը` նշելով, որ նախարարների կոմիտեն հետևում է վճիռների իրականացման ընթացքին, միաժամանակ ընդգծեց, որ խնդրի կարգավորման միջնորդական առաքելությունն իրականացնում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, իսկ Հայաստանն ու Ադրբեջանը ԵԽ-ին անդամակցության պահից համատեղ պարտավորություն են ստանձնել հիմնախնդիրը լուծելու խաղաղ ճանապարհով: