ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի վարչությունն իր մտահոգությունն է հայտնել ոստիկանության կողմից Երևանում հունիսի 23-ին ցուցարարների ու լրագրողների նկատմամբ կիրառված անհամաչափ ուժի մասին արժանահավատ հաղորդումների առնչությամբ։ Վարչությունը կոչ է անում ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել այդ դեպքերը՝ Ժնևում հայտարարել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության խոսնակ Ռավինա Շամդասանին, ասված է վարչության պաշտոնական կայքում:
«Մինչ երկրում շարունակվում են ցույցերը, երկրի ղեկավարությունը պետք է ապահովի, որ ցույցերի ժամանակ ոստիկանների գործողությունները խստորեն համապատասխանեն մարդու իրավունքի միջազգային նորմերին և չափանիշներին»,- ասված է հայտարարությունում: Կազմակերպությունը ողջունել է Հայաստանի արտգործնախարարության հայտարարությունը՝ «Հայաստանում ժողովրդավարությանը, հիմնարար ազատությունների և մարդու իրավունքների պաշտպանությանը» երկրի կառավարության հանձնառության վերաբերյալ։ «Մենք կոչ ենք անում կառավարությանն անել այնպես, որ այս հանձնառությունն արտահայտվի այս ցույցերին տրվող արձագանքում, և կոչ ենք անում բոլոր կողմերին ներգրավվել կառուցողական երկխոսության մեջ և զերծ մնալ բռնությունից»,- ասել է նա: