Երևանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ցույցերը ընդհանուր քիչ բան ունեն ՈՒկրաինայի ապստամբության հետ, սակայն ռուսական աշխարհաքաղաքական հռետորաբանությունը սովորություն ունի ինքնիրագործվող մարգարեություններ անել՝ The Interpreter պարբերականում գրում է Փոլ Գոբլը։ Շատ ռուս վերլուծաբաններ շտապում են ենթադրել, որ Երևանի այս շաբաթվա ցույցերը և դրանց ճնշումը Հայաստանի իշխանության կողմից նոր մայդանի բացման ռաունդ են։ Սակայն իրադարձությունների նման մեկնաբանությունը, երբ խոսքը վերաբերում է քաղաքականության ուղեցույցին, կարող է լինել ինքնիրագործվող մարգարեության ամենավատ ձևը՝ փոխակերպելով ներքին պայմաններին վերաբերող հայերի ցույցերն ինչ-որ բանի, որն ավելին է։ Դա Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի պրոֆեսոր Սերգեյ Մարկեդոնովի եզրակացությունն է, որը հստակ նախազգուշացում է Կրեմլին և ռուս ու օտարերկրացի վերլուծաբաններին իրավիճակի տարընթերցման մասին, որ փորձում է ամեն ինչ հարմարեցնել նախագոյության շրջանակին։ Նրանք, ովքեր հետխորհրդային տարածքում ժողովրդի դժգոհության ամեն դեպք դիտարկում են որպես մայդան կամ պրոտո-մայդան, զոհ են դառնում ինքնատիպ աշխարհաքաղաքական դետերմինիզմին, ինչպես Մարկեդոնովն է ասում՝ «գործնականում յուրաքանչյուր բողոքական շարժում միայն «պրոքսի պատերազմի» արտահայտում է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև»։
Նման մարդիկ ծույլ ելք են ընտրում և մոռանում, որ «քաղաքական ճգնաժամը վիրուս չէ», որը տարածվում է մի տեղից մյուսը, այլ արտացոլում հատուկ խնդիրների։ Հայաստանում տեղի ունեցողը նման չէ ՈՒկրաինայում տեղի ունեցածին։ Պատճառներից մեկն այն է, որ Ռուսաստանը Հայաստանին համարում է իր ռազմավարական գործընկերը։ Մեկ այլ պատճառ է, որ իշխանությունն ու ժողովուրդը բաժանված չեն Մոսկվայի հանդեպ իրենց վերաբերմունքով։
Մոսկովյան վերլուծաբանն ասում է, որ ռուսական հարցը նրանց պայքարի վճռորոշ տարրը չէ, և շատ կարևոր է, որ Մոսկվայում մարդիկ զոհ չգնան էմոցիաներին և մայդանի նշաններ փնտրեն, որտեղ դժվար է գտնելը։ Փոխարենը Ռուսաստանը պետք է ճանաչի, որ ցուցարարները դժգոհ չեն Կրեմլից, այլ Երևանի իշխանական կառուցվածքից։ «Եթե ռուս քաղաքական գործիչներն ու դիվանագետները սխալ եզրակացություններ անեն և ընդդիմության գործողությունները կապեն Պետդեպի գործողությունների հետ՝ նրանք կստեղծեն իրավիճակ, որում Մոսկվան ստիպված կլինի աջակցել Հայաստանի իշխանությանը՝ անկախ նրանից, որ դա կարող է ունենալ իրենից հայերի օտարման էֆեկտ»,- ասել է Մարկեդոնովը։
Այդ իրադարձությունը, որը ներքին հայկական խնդիր է այսօր, կարող է վաղը վերածվել Մայդանի՝ դառնալով Ռուսաստանի համար ավելի մեծ ու ավելի վտանգավոր։ Փոխարենը վերլուծաբանը կոչ է անում, որ Ռուսաստանն իր գծերը բաց պահի և Հայաստանի իշխանության, և հայ ժողովրդի համար, և խրախուսի կարգավորում, այլ ոչ թե աջակցի միայն մի կողմին։