ՈՒկրաինայում հինգշաբթի օրը նախարարական պորտֆելներից զրկվել են բնապահպանության և առողջապահության նախարարները: Առողջապահության նախարարի պաշտոնից հեռանալու որոշումը Ալեքսանդր Քվիտաշվիլին պայմանավորել է Գերագույն ռադայում իր հասցեին հնչած կոշտ քննադատությամբ: Նա պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտության դեպքում աջակցել պաշտոնն իրենից ավելի լավ մասնագետի փոխանցելու հարցում:
Քվիտաշվիլին 2008-2010 թվականներին եղել է Վրաստանի առողջապահության նախարարը, ՈՒկրաինայի առողջապահության նախարարի պաշտոնը ստանձնել է 7 ամիս առաջ: Երեկ հայտարարելով հրաժարականի մասին՝ նա ասել է. «Հիմք ընդունելով այն իրավիճակը, որը ստեղծվել է այսօր, և նկատի ունենալով, թե ինչ հայտարարություններով հանդես եկան Պյոտր Պորոշենկոյի խմբակցության պատգամավորները, բացարձակապես վստահ եմ՝ եթե մնամ և ազդեմ մարդկանց նյարդերի վրա, օրենքները սկզբունքորեն չեն ընդունվի»: Պատմաբան, ԱՄՆ-ի և Եվրոպայի նորագույն պատմության ոլորտում հատուկ մասնագիտացում ստացած Քվիտաշվիլին Վրաստանում պաշտոնավարել է Միխեիլ Սաակաշվիլու նախագահության օրոք: Նախօրեին Սաակաշվիլին դոնորների համաժողովի ժամանակ ՈՒկրաինայի առողջապահության նախարարին կոչ էր արել հրաժարական տալ, հայտարարելով, թե կոռուպցիայի դեմ պայքարի ժամանակ «անհրաժեշտ է դրսևորել ագրեսիվ վարքագիծ՝ թշնամաբար վերաբերվելով այդ երևույթին»:
Ի տարբերություն Քվիտաշվիլու, բավականին աղմկոտ է արձագանքել բնապահպանության արդեն նախկին նախարարը: Նա փորձել է արհամարհել հրաժարականի պնդումները: Երեկ ՈՒկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորները քվեների բացարձակ մեծամասնությամբ պաշտոնազրկել են Իգոր Շևչենկոյին: Խորհրդարանականները որոշումն ընդունել են առանց քննարկումների՝ հիմք ընդունելով պնդումները, որ նախարարը մխրճվել է կոռուպցիայի և հովանավորչության մեջ: Ըստ այդ պնդումների, Շևչենկոն «տանիք» է հանդիսացել «Ժողովրդի կամք» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Օնիշչենկոյի բիզնես շահերի համար: Շևչենկոն Գերագույն ռադայի ամբիոնից հերքել է մեղադրանքները, հերքել է որպես հիմնավորում ներկայացված փաստարկը, թե ինքն օգտվել է պատգամավոր Օնիշչենկոյի անձնական ինքնաթիռից: Շևչենկոն զգուշացրել է, որ այդ պնդումը ներկայացրած ռադիկալ կուսակցության ղեկավարին դատի է տալու՝ իր պատվին ու արժանապատվությանը հասցված վնասի համար: