Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ հետևում է Եվրոպայի վարկատուների պահանջների վերաբերյալ կիրակի օրը հանրաքվե անցկացնելու նախաձեռնությանը՝ միևնույն ժամանակ պատրաստ լինելով ընդունել նախկինում մերժած պահանջները: «Ես երբեք չէի մտածել, թե ժողովրդավարական Եվրոպան կարող է չհասկանալ, որ ժողովրդին իր ապագան որոշելու համար ժամանակ է անհրաժեշտ: Ծայրահեղ պահպանողականների գերակշռությունը հանգեցրել է երկրի բանկերի աշխատանքի ընդհատմանը»,- ասել է Ցիպրասը: Հունաստանը զրկվել է ֆինանսական օգնությունից՝ չկարողանալով մինչև վերջնաժամկետը՝ երեքշաբթի կեսգիշեր, Արժույթի միջազգային հիմնադրամին վճարել 1,8 միլիարդ դոլար:
Որոշ փորձագետների կարծիքով՝ հանրաքվե անցկացնելու գաղափարը պնդելու հետ մեկտեղ վճարումը իրականացնելու Ալեքսիս Ցիպրասի պատրաստակամությունը Եվրոպայի նոր ֆինանսավորման շրջանակում 32,4 միլիարդ դոլարի վերաբերյալ հետագա բանակցություններում լծակներ ձեռք բերելու մարտավարության մի մասն է: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կրկին հայտարարել է, որ մինչև կիրակնօրյա հանրաքվեի արդյունքը պարզ չլինի, ոչ մի բանակցություն տեղի չի ունենա: Վերջին հինգ տարում Հունաստանը հսկայական պարտք է կուտակել: Վարկատուները ապագայում նոր վարկեր տրամադրելու համար պարտադրում են Հունաստանի կառավարությանը ավելի խիստ տնտեսական բարեփոխումներ անցկացնել:
Հունաստանի կառավարության համաձայն, երկրի քաղաքացիները ծախսերի կրճատումներից և հարկերի ավելացումներից քիչ չեն տուժել: Այս շաբաթ փակվել են հունական բանկերը՝ ֆինանսական ճգնաժամը վերահսկելու նպատակով: Բանկոմատները շարունակում են գործել, սակայն թույլ են տալիս միայն խիստ սահմանափակ քանակով գումար հանել: Աթենքում չորեքշաբթի օրը բաց է եղել մոտ 1000 բանկի մասնաճյուղ, որպեսզի բանկոմատներից օգտվելու հնարավորություն չունեցող թոշակառուները կանխիկ գումար կարողանան ստանալ: