Ղրիմի հարցը փակված է՝ դա հասկանում են բոլոր երկրները, այդ թվում` նրանք, որ չեն կարողանում դադարել այդ մասին խոսել՝ ՈՒֆայում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Հարցը, ըստ նրա, «փակել են Ղրիմի ժողովուրդը և Ղրիմի ժողովրդի կողմից հստակ արտահայտված կամքի հիման վրա Ռուսաստանի ընդունած որոշումները»: Նա ասել է, թե Շանհայի համագործակցության կազմակերպությունում ու BRICS միավորման մեջ Ռուսաստանի գործընկերներից ոչ մեկը չի խոսում Ղրիմի հանրաքվեի արդյունքները չընդունելու մասին: Լավրովը հայտարարել է նաև, որ պաշտոնական Վաշինգտոնը արհեստական է մեծացնում լարվածությունը Մոսկվայի հետ հարաբերություններում: «Մենք մտահոգված ենք, որ ստեղծվում է թշնամանքի արհեստական մթնոլորտ, որ ընդհանուր ոչինչ չունի Ռուսաստանի ձեռնարկած գործողությունների հետ», - ասել է նա: