ԲՌՀՉՀ-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավային Աֆրիկայի Հանրապետության դաշինք), Շանհայի համագործակցության կազմակերպության և ԵԱՏՄ երկրները ունեն «տնտեսական կտրուկ թռիչքի» բոլոր նախադրյալները` հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեք կազմակերպությունների առաջնորդների համատեղ նիստում: Տնտեսապես առաջ գնալը հնարավոր է ընդլայնված փոխադարձ համագործակցության շրջանակներում: Պուտինն ասել է, որ «աութրիչ» ձևաչափի այս հանդիպման գլխավոր թեման են ներկայացված երկրների բարեկեցության բարձրացման ուղիները: Նրա կարծիքով` օգտակար կլիներ քննարկել Եվրասիայի զարգացման հեռանկարները և անդրադառնալ աշխարհի այլ շրջանների հետ կապերի ամրապնդման հարցերին: Ըստ Պուտինի` Ռուսաստանը իր հերթին ձգտում է խորացնել շփումները մշակույթի, գիտության, կրթության, զբոսաշրջության ոլորտներում` ԲՌՀՉՀ-ում, ՇՀԿ-ում, ԵԱՏՄ-ում և այլ ձևաչափերում իր գործընկեր երկրների հետ: Համատեղ նիստով, որին մասնակցել են 13 երկրների ղեկավար ներկայացուցիչներ, ավարտվել է ԲՌՀՉՀ-ի, ՇՀԿ-ի և ԵԱՏՄ-ի գագաթնաժողովը ՈՒֆայում: