Երևանում ընթացող բողոքի ակցիաները տարբերվում են նրանով, որ առաջ չեն քաշվում քաղաքական պայմաններ և երկրի արտաքին քաղաքական կուրսը փոխելու պահանջներ՝ նշվում է Ագնիա Գրիգասի հոդվածում, որը հրապարակվել է «The Hill»-ի բլոգում: Նրա խոսքով, թեև բողոքի ակցիաները չեն անդրադառնում հայ-ռուսական հարաբերություններին, սակայն Հայաստանում արթնացող քաղաքացիական հասարակության վկայություն են: Մոսկվան, բնականաբար, ուշադիր հետևում է Հայաստանում իրադարձությունների զարգացմանը, սակայն ի տարբերություն ՈՒկրաինայի, Հայաստանը մնում է շատ խոցելի և ոչ կառավարությունը, ոչ քաղաքացիական հասարակությունը դժվար թե մոտ ապագայում հեռանան Մոսկվայից: Երևանյան ցույցերը, նրա խոսքով, կապված են Հայաստանի վատ տնտեսական վիճակի հետ, որտեղ գերիշխող դեր ունի տնտեսական անկման մեջ գտնվող Ռուսաստանը: Հեղինակը հիշեցնում է, որ ՌԴ-ն Հայաստանում գլխավոր ներդրողն է այնպիսի ընկերությունների միջոցով, որոնցից են «Գազպրոմ Արմենիան», «Հարավկովկասյան երկաթուղին», «ՎիվաՍել ՄՏՍ»-ը, «Բիլայնը», ռուսական ապահովագրական ընկերություններ ու բանկեր:
«Բացի այդ, Ռուսաստանը նաև հաջողությամբ օգտագործել է Հայաստանի տնտեսական ու էներգետիկ խոցելիությունը՝ սեփական շահի համար»,- գրում է հեղինակը: ՈՒկրաինայի նման, Հայաստանն էլ իր վրա զգացել է Մոսկվայի ճնշումը, երբ ավելի սերտ հարաբերություններ էր ուզում հաստատել ԵՄ-ի հետ: «Եթե ԱՄՆ-ը և ԵՄ-ն շահագրգռված են մարտահրավեր նետել ռուսական ազդեցությանը և ազատել հայերին քաղաքական հարկադրանքի խորամանկություններից, ՀՀ էներգետիկ ոլորտում ներդրումները կարող են լավագույն միջոցը լինել սկզբի համար»,- նշում է Գրիգասը՝ հիշեցնելով ամերիկյան ContourGlobal-ի հետ գործարքի մասին, որը ձեռք է բերել Որոտանի կասկադը:
Երևանյան ցույցերը հարց բարձրացրին, թե իրավիճակի սրմանը կարո՞ղ են հետևել իրադարձություններ, որ եղան ՈՒկրաինայում, այդ դեպքում՝ ինչպիսին կլինի Մոսկվայի դերը: Վերլուծաբանը կարծում է, որ հայերին ռուսական անձնագրեր բաժանելն ու Գյումրու ռուսական ռազմակայանը կարող են ՀՀ ներքին գործերին միջամտելու գործոնները լինել: Նա կարծում է, որ, բոլոր դեպքերում, Մոսկվան թույլ չի տա Երևանին հանգիստ հեռանալ իր ազդեցության գոտուց: Իսկ հայերն էլ Արևմուտքի հետ իրենց հարաբերություններում միշտ զգուշավորություն են պահպանելու, թեկուզ այն պատճառով, որ դա կարող է հանդիպել Մոսկվայի հակադրությանը: