ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը նրբանկատորեն շրջանցել է ԵԱՀԿ ԽՎ-ի ընդունած «Հելսինկյան հռչակագրի» միակողմանիության հարցը: NEWS.am-ի հարցին, թե միակողմանի չէ՞ ընդունված հռչակագիրը, և ինչպե՞ս կանդրադառնա բանակցային գործընթացի վրա, ՈՒոռլիքը պատասխանել է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումը շարունակում է մնալ հստակ. մենք կշարունակենք աշխատել համակողմանի կարգավորման ուղղությամբ՝ հիմնվելով միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության (խարտիայի) և Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների, մասնավորապես՝ տարածքային ամբողջականության, ուժի չկիրառման ու ազգային ինքնորոշման սկզբունքների վրա: Սպասում ենք տարածաշրջան մեր առաջիկա այցին՝ շարունակելու քննարկումները Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ և առաջընթաց գրանցելու բանակցություններում»:
«Հելսինկյան հռչակագիրը», որն ընդունվել է ԵԱՀԿ ԽՎ 24-րդ ամենամյա նստաշրջանում, պարունակում է կետեր, որտեղ կազմակերպության սկզբունքները սուբյեկտիվորեն են ներկայացված: Սառեցված հակամարտությունների լուծմանը վերաբերող կետում ասվում է, որ ԵԱՀԿ ԽՎ-ն աջակցում է «սառեցված հակամարտությունների լուծման որոնումներին Վրաստանում (Հարավային Օսիա և Աբխազիա), Մոլդովայի Հանրապետությունում (Մերձդնեստր) և Ադրբեջանում (Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ)»: Բացի այդ, ԵԱՀԿ ԽՎ-ն «կրկին հաստատում է հակամարտությունների հետևանքով Ադրբեջանի Հանրապետության, Վրաստանի, Մոլդովայի Հանրապետության և ՈՒկրաինայի բնակչության տեղահանված խմբերի իրենց տները վերադառնալու անքակտելի իրավունքը՝ անվտանգության և արժանապատվության հարգման պայմաններում, նաև ընդգծում է նրանց շուտափույթ վերադարձի համար համապատասխան պայմանների ստեղծման անհրաժեշտությունը»: Այս կետում ոչինչ չի ասվում փախստականների մասին, որոնք «սառեցված հակամարտությունների» հետևանքով ստիպված են եղել լքել իրենց տները, կորուստների մասին, որը կրել է հակամարտության մյուս կողմը: